News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վալլեքս» խմբի ընկերությունների  մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է Լոռու մարզի անտառային տարածքներում, Շնող գետի ավազանում,  իրականացնել պղնձի և մոլիբդենի որոնման աշխատանքներ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող Թեղուտ լեռնային համալիրի տարածքում, տեղի կունենան «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ծախկաշատ-Ախտեքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումները:

Հայտի համաձայն` Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Թումանյանի տարածաշրջանում: Ընդգրկում է մոտ 140կմ2 տարածք: Ուսումնասիրվող տարածքում են գտնվում Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը: Մոտակա բնակավայրերն են` Ալավերդի, Ախթալա քաղաքները, Շամլուղ, Թեղուտ, Շնող, Ճոճկան, Արճիս, Մեծ Այրում, Այրում համայնքները:  ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված հայտի փաթեթի համաձայն` ազդակիր համայնքներից Ալավերդի, Շնող, Ծաղկաշատ, Նեղոց, Հաղպատ համայնքների ղեկավարները գրավոր համաձայնություն են տվել Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի համար, ըստ Թեղուտի ծրագրի, ոչնչացվելու է Լալվարի անտառից 357 հա, իսկ ըստ փորձագետների` մինչև 2070 հա անտառ:

Թեպետ աշխատանքները նախատեսվում են իրականացնել Լոռու մարզի անտառներում, սակայն հայտում նշվում է, որ դիտարկվող տիրույթը ընկած է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի ֆլորիստիկ շրջանի հյուսիսում և դասվում է Կովկասյան նահանգի Ցիրկումբորելյան ֆլորիստիկ շրջանին: «Ուսումնասիրվող տարածքների բուսականությունը ներկայացված է գլխավորապես կաղնի-բոխի անտառներով, հիմնական էդիֆիկատորն է Quercus iberica (կաղնի վրացական), որին ուղղեկցում է Carpinus betulus (բոխի սովորական), առանձին ծառերի տեսքով հանդիպում են հաճարենի, լորենի, թխկի, թեղի, հացենի, ենթաանտառում զանգվածային ներկայացված են տխլենի, ցախակեռաս բուրավետ, զկեռենի, մասրենի, մոշենի, ազնվամորի, բոխի արևելյան, իլենի, հոն, հաղարջենի: Այստեղ կա նաև կաղամախիի ոչ մեծ պուրակ: Տարածքում առկա է ափամերձ բուսականությունը` ներկայացված բարդու, ուռենու տեսակներով և գերխոնավ տեղանքների խոտերով, ինչպես նաև բաց անտառային տարածության համակեցություններով:

Բնական բուսականության կազմում առկա են դեղաբույսերի և ուտելի բույսերի տեսակներ»,- մասնավորապես նշված է հայտում:

Ծրագիրը չի նախատեսում նոր մուտքային ճանապարհների կառուցում, օգտվելու են նախկինում հետախուզական աշխատանքների համար շահագործված ճանապարհներից: Հորատման աշխատանքները կազմակերպվելու են արդեն իսկ նախկինում խախտված հրապարակներում, որոնք ժամանակին օգտագործվել են հորատման համար, լրացուցիչ տարածքներ չեն խախտվելու, հողի բերրի շերտը չի վնասվելու, էրոզիոն օջախներ չեն առաջանալու, նշվում է հայտում:

Տպել
Ամենաշատ