News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեսսիի ու Ռոնալդուի համեմատության արձագանքներն այնքան բուռն ստացվեցին, որ որոշեցի համեմատել նաեւ ֆուտբոլային աշխարհի մյուս լուրջ «հակամարտությունները»: Հիշեցնեմ, որ համեմատում եմ միայն այն ֆուտբոլիստներին, ում անձամբ տեսել եմ: Համեմատում եմ միայն անձնական տպավորություններով, ոչ թե նրանց խաղային մակարդակները, այլ երկրպագուների հետ շփումը եւ մարդկային կողմերը:

Այսօր «դատարանի առջեւ» կանգնում են Զինեդին Զիդանն ու Մարկո Մատերացին: Երկուսին տեսնելու բախտը վիճակվել է: Բայց մինչեւ նրանց համեմատելը, պատմեմ, թե ում կողմ էր իմ համակրանքը, 2006-ի Աշխարհի առաջնության այն  ճակատագրական եզրափակչում: Չգիտեմ, ինչու, Զիդանին այն ժամանակ չէի հավանում: Երեւի նրանից էր, որ Ֆրանսիայի հավաքականին այդքան էլ չէի համակրում: 2006-ի ԱԱ-ին, երբ իմ սիրած հավաքականը դուրս մնաց, մեկ ցանկություն ունեի, որպեսզի Գերմանիան չդառնա չեմպիոն: Իսկ Գերմանիային, ինչպես հիշում եք, շատ գեղեցիկ կերպով դուրս թողեց հենց Իտալիան: Այդ պատճառով էլ եզրափակչում ուզում էի նրանք հաղթեին: Եզրափակչի օրը ես Երեւանի փողոցներում ռեպորտաժ էի պատրաստում, թե ինչպես են հայ երկրագուները դիտում խաղը: Սակայն մտովի ցանկանում էի, որ Իտալիան հաղթի: Երբ Զիդանին դուրս հանեցին դաշտից, ես ուրախացա: Իտալիան հաղթեց, եղավ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Հետո ես տարբեր ֆորումներում իմ կարծիքն էի հայտնում, որ Զիդանը պետք է իրեն զսպեր, նրա մեղքով թիմը պարտվեց եւ այլն: Իսկ Մատերացին՝ չնայած ոչ գեղեցիկ արարքին, կարելի է ասել միայնակ Իտալիային դարձրեց չեմպիոն՝ գոլ, 11 մետրանոց եւ հեռացված Զիդան:

Անցան տարիներ: Այս երկուսը ավարտեցին կարիերան: 2013-ին ես մեկնեցի Լոնդոն, որտեղ «Ուեմբլի» մարզադաշտում տեղի էր ունենալու ՉԼ-ի եզրափակիչը: Խաղից առաջ քաղաքի մյուս ծայրում կազմակերպվել էր ֆուտբոլային միջոցառում՝ խաղեր, մրցույթներ, գավաթի հետ լուսանկարում: Հանկարծ հայտարարեցին, որ մինի ֆուտբոլի մրցաշարին ներկա է լեգենդար Զինեդին Զիդանը: Ինձնից անկախ ոտքերս ինձ տարան այն հատված որտեղ նա էր: Քանի որ լրագրողի անցաթուղթ ունեի առավելագույնս մոտեցա Զիդանին եւ փորձեցի հեռվից լուսանկարել իրեն: Այդ պահին նա շուռ եկավ դեպի ինձ, տեսավ, որ ցանկանում եմ լուսանկարել իրեն եւ ժպտաց : Հիանալի կադր ստացվեց: Բայց ավելի հիանալին այն էր, որ իմ ձեռքերում սովորական սիրողական տեսախցիկ էր, ես հերթի մեջ անհարմար կանգնած, իսկ նա հասկացավ` ինչ եմ ուզում իրենից եւ սիրով կատարեց իմ ցանկությունը: Նրա հայացքից հասկացա, որ նա չի մերժի, երբ իր հետ լուսանկարվեմ: Խաղն ավարտվեց, նա դանդաղ վեր կացավ որպեսզի գնա եւ պատանիներին հանձնի գավաթը: Բայց այնքան դանդաղ դա արեց, կարծես զգում էր, որ մոտենալու եմ նկարվեմ: Միակ մարդը ես էի, ով կարողացավ ճեղքել թիկնապահների շղթան եւ մոտենալ իրեն:

Մոտեցա եւ ասացի՝ կարելի՞ է լուսանկարվել: Բարի, համեստ եւ շատ գեղեցիկ ժպիտով ասաց՝ այո, իհարկե: Երբ նկարվեցինք, ուրախությունից նայեցի դեմքին, ասացի՝  Աստված օրհնի Ձեզ: Այդ նույն բարի ժպիտով ասաց՝ շնորհակալ եմ: Այդ պահից սկսած իմ պատկերացումը եւ վերաբերմունքը Զիդանի  հանդեպ փոխվեց: Նրա համար չէ, որ լուսանկարվեց իմ հետ: Ես մինչ այդ տեսել ու լուսանկարվել էի Աշխարհի չեմպիոնների՝ իսպանացիների հետ: Բայց Զիդանը լիովին այլ էր՝ նրա բարի ու հանգիստ աչքերը, մի տեսակ շատ տղամարդկային թվացին ինձ, անգամ իդեալին մոտ: Հենց առաջին պահից, երբ զգաց, որ ցանկանում եմ լուսանկարել իրեն, հետո երբ զգաց որ մոտենալու եմ  ու սպասեց, առաջ չգնաց: Իսկ լուսանկարում այնպես էր երեւում, ասես նա է ուրախ ինձ հետ լուսանկարվելու համար: Հետո խիղճս սկսեց տանջել: Հիշում էի այդ չարաբաստիկ եզրափակիչը, փորձում այդ դրվագին նայել իր աչքերով: Վերապրել իր զգացածն այդ պահին:

Անցավ եւս երկու տարի: 2015-ի մարտին Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանին Հայաստան ժամանեցին մի շարք աստղեր: Ես նրանց բոլորի հետ բացառիկ հարցազրույցի իրավունք ունեի, ինչի համար հավերժ երախտապարտ եմ միջոցառման կազմակերպիչներին: Մատերացիի հետ ստացվեց փոքր հարցազրույց անել, լուսանկարվել իր հետ: Իհարկե Զիդանի մասին ոչ մի խոսք: Չնայած Եվգենի Լովչեւը կրկնեց Մատերացիի հարվածը հենց իտալացու վրա: Մատերացին ինձ վրա թողեց զուսպ մարդու տպավորություն: Հարցազրույցում շեշտեց, որ ամենից կարեւորն իր համար ընտանիքն է: Նա առանց որեւէ խնդրի լուսանկարվում էր իրեն մոտեցող երկրպագուների հետ: Խաղից հետո տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ մեծ ուշադրությամբ հետեւում էր հայկական երաժշտական խմբերի ելույթներին: Անգամ ոտքի էր կանգնել, որպեսզի դիտեր դրանք: Մի խոսքով ոչ ոքի չհարվածեց Մարկոն, այլ հակառակը՝ կարծում եմ տիֆոզիներին բավական մեծ ուրախություն պարգեւեց: Բայց այն ինչը տեսա ու զգացի Զիդանի մոտ, այդպես էլ չգտա նրա մեջ: Գուցե դա նորմալ էր ու բնական: Բայց Զիդանի այդ հայացքը, այդ բարությունը, վեհությունը, որ կանգնեց, ասես զգալով, որ ես պետք է ճեղքեմ թիկնապահների շղթան ու մոտենամ իրեն եւ վերջում էլ կարծես ինքը ինձ շնորհակալ լիներ: Այդ դեպքից հետո, երբ լսում եմ Զիդանի անունը, միշտ դեմքիս ժպիտ է գալիս եւ չնայած Իտալիայի կողմից էի, բայց Մատերացիի հանդեպ բարկութուն էի զգում:

Որպես ֆուտբոլիստ այս երկուսին համեմատելն էլ տեղին չէ: Ո՞ւր Զիդանը, ո՞ւր Մատերացին: Զիդանը ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից է: Շատերի համար նա լավագույնն է, իսկ Մատերացին ֆուտբոլիստ է, ով իր երկիրը դարձրեց աշխարհի չեմպիոն եւ այդ առումով նա արդեն հերոս է Իտալիայում: Այդ դրամատիկ եզրափակչից անցել է 9 տարի: Այսօրվա խելահեղ ֆուտբոլը մոռանալ է տալիս  եզրափակչի այդ տգեղ պահը, բայց այդ պահին երբ Մատերացին հայհոյում էր Զիդանին, երեւի չէր էլ մտածում, որ այդ մի քանի վայրկյանը կմնան ֆուտբոլի պատմության ամենահիշվող ու դրամատիկ պահերից մեկը: Ես էլ այդ պահին ֆուտբոլը դիտելիս երբեք չէի մտածի, որ տարիներ անց այդքան կհամակրեմ Զիդանին, իսկ նրա բարի հայացքը այդպես էլ դուրս չի գա իմ հիշողությունից…

Զիդանի և Մատերացիի արձանը Փարիզում

Վերա Մարտիրոսյան Vera&Football

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ