News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԳՆ-ում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ուսումնական հաստատությունների սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նիստը վարող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով:

Նախարարի խոսքով՝ այս ծրագրի նպատակը ոչ այնքան վերոնշյալ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունն է, որքան հայապահպանության խնդիրը, հետեւաբար, ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է առաջնահերթությունը տրվի այն համայնքների դիմորդներին, որտեղ առկա է հայապահպանության լրջագույն խնդիր:

«Խոսքը, նախեւառաջ, մանկավարժական կադրերի պատրաստմանն է վերաբերում, բայց առկա են նաեւ համայնքի զարգացմանը նպաստող այլ մասնագիտական գործունեության խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դժվար է բարձր գնահատել այս ծրագրի արդյունավետությունը: Չնայած որ ամեն տարի մեծ է սփյուռքահայ դիմորդների թիվը, սակայն հետադարձ կապը համայնքների հետ փաստում է, որ, ցավոք, այդ երիտասարդների զգալի մասը չի վերադառնում հայրենի գաղթօջախներ»,– ասել է նա՝ նշելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը տրամադրելու են Գյումրիի բուհերին:

ԿԳ նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանմանը խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները, այն է` ստեղծել իրավական հիմք, որպեսզի այն պայմանագրային բազան, որը ներկայումս օգտագործվում է ՀՀ բուհերում պետպատվերով նպատակային կրթություն ստացող երիտասարդների համար, համապատասխան փոփոխություններով հանդերձ կիրառելի լինի նաեւ սփյուռքահայ դիմորդների համար:

Նախարարը նաեւ նշել է, որ սիրիահայ ուսանողների համար տարվող սոցիալական քաղաքականությունը մնալու է նույնը, ինչ նախորդ տարի:

«Սիրիահայ դիմորդների համար այս տարի եւս պահպանվելու է վարձավճարների նույն չափը, ինչ տեղացի ուսանողների համար: Սիրիահայ մեր հայրենակիցները շարունակում են մնալ նույն ծանր վիճակում, որոնց պետությունը  պարտավոր է օգնել»,- նշել է նախարարը` հանդիպմանը մասնակից բուհերի ներկայացուցիչներին հորդորելով աջակցություն ցուցաբերել սիրիահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացում եւ անհարկի բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ