News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 24-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքին նախագահական նստավայրից խորհուրդ են տվել դիմել գյուղապետարան եւ հաշվառվել՝ պետական կամ բարեգործական ծրագրերից օգտվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, որը նամակով դիմել էր Հանրապետության նախագահին եւ խնդրել բնակարան հատկացնել:

«Գյուղում ամենաբազմազավակ ընտանիքը մերն ա, 7 երեխա, որից 4-ը տղա: Գյուղապետարանում լավ էլ գիտեն, որ մենք կարիքի մեջ ենք: Դրա համար նորից չեմ դիմելու գյուղապետարանին, որ մեզ էլ ընդգրկեն պետական եւ բարեգործական ծրագրերում»,- ասաց տիկին Սվետլանան:

Նշենք, որ Արսեն Խոջոյանի մայրը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել էր Երեւանում բնակարան հատկացնել որդուն, քանի որ պարբերաբար բուժում է ստանում մայրաքաղաքում եւ բնակարանի կարիք ունի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ