News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին Դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի  նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են:

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ Պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում է իրականցվում եւ նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:

«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության», - ասաց դեսպան Միլսը` դիմելով շրջանավարտներին:

Փորձառու եւ հմուտ ամերիկացի դասընթացավարների խումբը, որի կազմում ԱՄՆ Ցամաքային ուժերի սերժանտներ են եւ մեկ սպա, հայ ռազմական բուժակներին ուղղորդեցին նորագույն մեթոդները ներկայացնող համընդգրկուն ուսումնական գործընթացի միջով, որն իրականացվեց նույն այն ուսումնական ծրագրով, որը կիրառվում է ամերիկյան ռազմական բուժակների ուսուցման համար: Հազարավոր էջեր թարգմանվել են հայերեն, որի արդյունքում հնարավոր է դարձել այս դասընթացը մատուցել անգլերենից զատ մեկ այլ լեզվով:  Այս հաջողված փորձի արդյունքում ամերիկյան զինված ուժերը սկսել են այլ պետություններից խնդրանքներ ստանալ իրենց  մայրենի լեզուներով  նման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ:

«Հայ-ամերիկյան կուռ եւ ամուր գործընկերությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին, - ասաց դեսպան Միլսը, - այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող եւ ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության  եւ միմյանց նկատմամբ կուռ հավատի եւ վստահության դրսեւորման եւս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որեւէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա  մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ»:

Ամերիկյան զինված ուժերի եւ Հայաստանի Խաղաղապահ բրիգադի միջեւ վաղուց ի վեր ձեւավորված գործընկերությունը մեծ կարեւորություն ունի: 2004թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադի մեկ դասակ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում տեղակայվեց Կոսովոյում՝ կայունության ու խաղաղության ապահովման նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր հայ զինծառայողներն ակտիվորեն աջակցել են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություներին թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում, իսկ անցած տարի նոյեմբերին հայկական զորամիավորումները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մեկնեցին Լիբանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ