News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեռանալով Հայաստանից՝ ֆրանսիական Orange-ը երկրի խոշորագույն հարկատուների վիճակագրությունում հետաքրքիր փաստ թողեց: Տարիներ ի վեր առաջին անգամ 2015 թվականի հունվար-հունիսին 1.000 խոշորագույն հարկատուների ցանկում ֆիզիկական անձ ներառվեց՝ Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, որը երկրի բյուջե 49.7 մլն դրամի չափով հարկ էր վճարել (հունիսի վերջի փոխարժեքով՝ շուրջ 105 հազար դոլար):

Զարմանալի չէ, որ ֆրանսիական ընկերությունն իր ղեկավարին եվրոպական չափանիշներով էր վարձատրում: Իսկ Հայաստանից ընկերության հեռանալուց հետո Ժելիբտերին կարող էին, դարձյալ եվրոպական ավանդույթով, վերջնահաշվարկ վճարել (payout): Իհարկե, Orange Armenia-ի վաճառքի պաշտոնական գործարքը փակվեց օգոստոսին, սակայն մտադրության մասին հնչեցվեց հուլիսի վերջին: Նշանակում է՝ միանգամայն հնարավոր է, որ ղեկավարի payout-ը նախապես էին պատրաստել: Հենց դա էլ կարող էր ավելացնել նրա ընդհանուր եկամուտն ու հարկերը:

Ամեն դեպքում, ինչո՞ւ ղեկավարների շրջանում խոշորագույն հարկատուն դարձավ խոշոր, բայց ամենեւին էլ Հայաստանի ո՛չ խոշորագույն եւ ո՛չ ամենից հաջողակ ընկերության ղեկավարը: Որտե՞ղ են առաջին 10 եւ 20 խոշորագույն ընկերությունների մենեջերները:

Եթե մենք իսկապես իմանայինք նրանց պաշտոնական աշխատավարձերը, այլ ոչ թե այդ մասին դատեինք քաղաքում պտտվող լուրերից ելնելով… Սակայն հայկական օրենսդրությունը տվյալների այդպիսի բացահայտում չի պարտադրում:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում ցանկացած հրապարակային ընկերության պարտավոր է ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացնել բաժնետերերի ժողովների բոլոր նյութերը, որտեղ պետք է նշված լինի գլխավոր տնօրենի, ֆինանսական տնօրենի եւ բարձրաստիճան 3 այլ աշխատակիցների աշխատավարձերը: Ամերիկյան խոշորագույն բոլոր ընկերությունները հրապարակային են, իսկ դրանց Միացյալ Նահանգներում, ընդհանուր առմամբ, շուրջ 4 հազարն են:

Իսկ օգոստոսի սկզբին նույն SEC-ն ավելի հեռուն գնաց՝ հրապարակային ընկերություններին պարտավորեցնելով 2017 թվականից ամեն տարի հրապարակել գլխավոր տնօրենի եւ ձեռնարկության միջին աշխատավարձի հարաբերակցությունը: Եթե, իհարկե, ԱՄՆ բիզնես-հասարակությունը չորոշի բողոքարկել այս կարգը:

Եվ եթե այդպիսի տվյալներ, ամեն դեպքում, ի հայտ գան, ապա, ամենայն հավանականությամբ, ավելի խոսուն կլինեն: Ամերիկյան Glassdoor ընկերության հետազոտության թարմ տվյալների համաձայն, Միացյալ Նահանգների բազմաթիվ ընկերություններում գլխավոր տնօրենները շարքային աշխատակիցներին հարյուրավոր, որոշ դեպքերում՝ նույնիսկ հազարավոր անգամներ ավելի են ստանում: Տեղեկությունները հավաքվել են տարիներ շարունակ, այդ թվում՝ ընկերությունից տեղեկատվական արտահոսքի շնորհիվ:

Հետազոտության համաձայն, Starbucks-ի տնօրեն Հովարդ Շուլցը ենթականերից 669 անգամ ավելի շատ աշխատավարձ է ստանում, Walmart-ի ղեկավար Դուգլաս Մաքմիլոնը՝ 1.133 անգամ, իսկ Discovery-ի տնօրեն Դեւիդ Զասլավը՝ 1.951 անգամ ավելի:

Հայաստանի խոշորագույն ղեկավարներին առաջարկում ենք վերջ դնել լուրերին եւ բացահայտորեն հայտարարել, թե որքան են վաստակում: Խոստանում ենք, որ կդիմանանք այդ հոգեբանական փորձությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ