News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Ճապոնիայում եւ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը պատմում է ՀՀ դեսպանության գործունեության, հայ-ճապոնական հարաբերությունների ու հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք Ճապոնիայում ՀՀ դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կարելի է համեմատաբար երիտասարդ համարել. այն բացվել է 2010 թվականին: Անցած հինգ տարիների ընթացքում դեսպանությունը աշխատանք է իրականացրել հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվ օրակարգի ձեւավորման եւ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: 2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Ճապոնիա, ինչը ոչ միայն նոր հարթություն տեղափոխեց հայ-ճապոնական հարաբերությունները, այլեւ արդեն իսկ կոնկրետ ոլորտներում աշխատանքի եւ երկկողմ գործակցության նախադրյալներ ստեղծեց:

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ են անցկացվում: Ակտիվացել է շփումը նաեւ խորհրդարանների միջեւ. Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի վերակազմավորումից հետո այս տարի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Տոկիո՝ հանդիպումներ ունենալու ճապոնացի գործընկերների հետ, ինչպես նաեւ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մշակույթի շաբաթվա միջոցառումներին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ

Դեսպանությունն աշխատում է նաեւ հայ-ճապոնական գործարար կապերը խթանելու ուղղությամբ. գործարար սեմինարներ ենք կազմակերպում Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու բիզնես միջավայրը ներկայացնելու նպատակով, բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնում: Միաժամանակ ակտիվորեն գործակցում ենք Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA, «Japan International Cooperation Agency») հետ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի ոլորտներում` Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող աջակցության ծրագրերի խրախուսման նպատակով: Մինչ օրս զարգացման աջակցության (ODA, «Official Development Assistance») եւ այլ ծրագրերի շրջանակում Ճապոնիայի օգնությունը Հայաստանին գնահատվում է մոտ 500մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս շարունակվում են կարեւոր նշանակություն ունեցող տեխնիկական աջակցության եւ ծավալուն վարկային ծրագրերը:

Հայ-ճապոնական կապերը մասնավորապես սերտացել են մշակութային ոլորտում: Տարեցտարի դեսպանության նախաձեռնությամբ, նաեւ աջակցությամբ անցկացվող մշակութային միջոցառումների թիվն ավելանում է: Աշխույժ գործակցություն է սկսվել նաեւ հայ եւ ճապոնացի արվեստագետների միջեւ, փոխայցելություններն ակտիվացել են, ու համատեղ ծրագրեր են իրականացվում: Երեւանում արդեն իսկ գործում է ճապոնական մշակույթի երկու կենտրոն՝ «Հիկարի»-ն եւ «Իրոհա»-ն, որոնք նույնպես, համագործակցելով Ճապոնիայում ՀՀ դեսպանության հետ, հաճախակի միջոցառումներ են կազմակերպում:

Կարծում եմ` Ճապոնիայում, որտեղ ժողովուրդը մեր երկրին քաջածանոթ չէ, բայց գնահատում է համաշխարհային մշակույթն ու բաց է մշակութային փոխանակումների համար, հայկական մշակույթով ներկայանալը լավագույնն է` մեր երկիրը ճանաչելի դարձնելու եւ հայ ու ճապոնացի ժողովուրդների միջեւ ամուր, բարեկամական կապեր հաստատելու համար: Ուրախալի է նաեւ, որ Հայաստան այցելող ճապոնացի զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է՝ տարեկան այցելուների թիվը գերազանցելով 10.000-ը:

Հայկական մշակութային շաբաթ Տոկիոյում

Մեկ կարեւոր հանգամանք եւս. այս տարի Ճապոնիան դեսպանություն բացեց Հայաստանում եւ վերջերս առաջին ռեզիդենտ դեսպանը ստանձնեց իր պարտականությունները Երեւանում, ինչն, անշուշտ, նույնպես կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայ-ճապոնական գործարար շրջանակների միջեւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ:

Վերջին տարիների ընթացքում դեսպանությունը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել հիմնականում Ճապոնիայի փոքր եւ միջին ձեռնարկություններ ներկայացնող գործարարների հետ՝ փորձելով նպաստել հայ եւ ճապոնացի գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատմանը, առեւտրային գործընկերության համար հնարավոր եւ շահավետ ոլորտների բացահայտմանն ու Հայաստանում ներդրումներ իրականացնելու հետաքրքրության մեծացմանը:

Ներկայումս ճապոնացի ներդրողների համար Հայաստանում գրավիչ ոլորտներ կարելի է նշել տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, հանքագործությունը, գյուղատնտեսությունն ու  դեղագործությունը:

Որոշակի դրական տեղաշարժեր կան նաեւ հայկական ապրանքատեսակների ճապոնական շուկա արտահանման ուղղությամբ տարվող աշխատանքում: Օրինակ, ի լրումն հայկական կոնյակի, որը ներկայացված է ճապոնական շուկայում, դեսպանությունը փորձեց տարաբնույթ միջոցառումների, հարցազրույցների, հոդվածների միջոցով Հայաստանը ներկայացնել նաեւ` որպես գինու երկիր: Թերեւս այս տարվանից հայկական գինիների մի քանի արտադրատեսակ մուտք կգործի ճապոնական շուկա:

Շոշափելի արդյունք ունենալու համար, կարծում եմ, կարեւոր է աշխատանք իրականացնել թե՛ Հայաստանում, թե՛ Ճապոնիայում տեղի ունեցող առեւտրատնտեսական ոլորտին առնչվող միջոցառումներին, գիտաժողովներին եւ ցուցահանդեսներին փոխադարձ ակտիվ մասնակցություն ապահովելու ուղղությամբ, ինչը միմյանց արտադրանքին ծանոթանալու եւ անմիջական բանակցություններ սկսելու հնարավորություն կընձեռի գործարարներին:

Կովկասյան մշակութային փառատոն Կորեայում

Խոսենք Ճապոնիայում բնակվող հայերի մասին: Որո՞նք են նրանց հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Հայերը Ճապոնիա են այցելել 19-րդ դարի երկրորդ կեսից` հիմնականում Հնդկաստանից, եւ զբաղվել են առեւտրային գործունեությամբ: 20-րդ դարում հայ առեւտրականների թիվը Ճապոնիայում ավելացել է Մերձավոր Արեւելքից, մասնավորապես՝ Իրանից, Սիրիայից եւ Լիբանանից գաղթած հայ ընտանիքներով:

Այժմ Ճապոնիայում բնակվող հայերը մեծամասամբ կենտրոնացած են Տոկիոյում: Նրանցից ոմանք նախկինում հայաստանաբնակ են եղել եւ ընտանիք կազմելով ճապոնացիների հետ՝ հաստատվել այստեղ: Ճապոնաբնակ հայերի աշխատանքային գործունեությունը մի շարք ոլորտներ է ընդգրկում՝ ունենք գործարարներ, դասախոսներ, իրավաբաններ, «IT» մասնագետներ, արվեստագետներ: Ուսանողների թիվը մոտ 15 է:

Ճապոնիայում գործում են համայնքային երկու կազմակերպություն՝ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան («Japan Armenia Friendship Association», JAFA) եւ Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն («Japan Armenia Society», JAS): JAFA-ն հիմնադրվել է դեռեւս 1989թ. ճապոնացի հասարակական գործիչ, պատմաբան եւ գրող Հիդեհարու Նակաջիմայի ջանքերով եւ զբաղվում է Հայաստանի ու Ճապոնիայի պատմամշակութային կապերի սերտացմամբ: JAS-ի ղեկավարն է Սովետական միությունում Ճապոնիայի նախկին դեսպան, Հայաստանում հավատարմագրված Ճապոնիայի առաջին դեսպան Սումիո Էդամուրան, ընկերակցությունը հիմնականում աջակցում է հայ-ճապոնական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կորեայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան

Հայ համայնքն այստեղ թեեւ սակավաթիվ է, բայց պահպանում է հայկական ավանդույթներն ու սովորույթները, մասնակցում տարաբնույթ միջոցառումների՝ ներկայացնելով հայկական մշակույթը, խոհանոցի եւ  կենցաղի առանձնահատկությունները:

Դուք համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք նաեւ Կորեայի Հանրապետությունում: Ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում հայ-կորեական հարաբերությունները:

Կորեայի Հանրապետության հետ, ինչպես եւ Ճապոնիայի, Հայաստանի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գնահատվում են որպես բարեկամական, երկուստեք առկա է ներուժ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար:

Հարավային Կորեան եւ Ճապոնիան տնտեսական, մշակութային կապերով թերեւս ամենամոտ երկրներն են միմյաց համար: Ճապոնիայում կորեացիների մեծ համայնք կա, որը զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության ներսում, արվեստում եւ նույնիսկ քաղաքական ոլորտում: Այս եւ այլ պատճառներով Տոկիոյում տեղակայված մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններ համատեղում են աշխատանքը:

Հայ համայնքը Հարավային Կորեայում նույնպես սակավաթիվ է, սակայն, ի տարբերություն Ճապոնիայի, Կորեայում հիմնականում Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդ հայ ընտանիքներ են: Նրանց մեծ մասն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ «Սամսունգ» ընկերությունում: Սեուլում մենք ունենք նաեւ իր գործին նվիրված պատվավոր հյուպատոս` պարոն Կիմ Դո Գյունը: Նրա եւ հայ համայնքի աջակցությամբ դեսպանությունն իրագործում է տարբեր ծրագրեր, օրինակ՝ նախորդ տարի Հայաստանը մասնակցեց Կորեայում անցկացված «Կովկասյան մշակութային փառատոն»-ին:

Ակտիվ է գործում նաեւ Կորեայի Ազգային Ժողովի Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը, որը գլխավորում է պարոն Նո Յուն Մինը: Խմբի նախաձեռնությամբ եւ դեսպանության աջակցությամբ արդեն երկրորդ տարին Կորեայի Ազգային ժողովի ընդունելությունների սրահում կայանում է Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություն եւ հիշատակի հավաք: Այս տարի միջոցառմանը մասնակցեցին ավելի քան հարյուր կորեացի պատգամավորներ, այդ թվում՝ Ազգային ժողովի խոսնակն ու փոխխոսնակը:

Նշեմ նաեւ, որ ս/թ. հուլիս ամսին Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամները՝ պարոն Նոյի գլխավորությամբ, այցելեցին Հայաստան, որտեղ այցի առաջին իսկ օրը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: 

Պարո՛ն դեսպան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու այդ առթիվ Ճապոնիայում:

Դեռեւս 2014 թվականից Ճապոնիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հիդեհարու Նակաջիմայի ղեկավարությամբ, ով նաեւ Ճապոնիա - Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահն է, եւ դեսպանության հովանավորությամբ ու աջակցությամբ հետեւողական աշխատանք է իրականացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Ապրիլին Տոկիոյի «Ափլինք» («Uplink») կինոսրահում անցկացվել են   ֆիլմերի ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երեկոների ընթացքում ցուցադրվել են Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Գոռ Բաղդասարյանի «Հարեւաններ» ֆիլմերը: Միջոցառման առթիվ ճապոնական «Բնություն եւ մարդկության» («Nature and Human») ամսագրում հրապարակվել է նաեւ ճապոնացի կինոքննադատ եւ պրոդյուսեր Չիսեկո Տանակայի հոդվածը՝ «Ցեղասպանությունից 100 տարի անց. ֆիլմերի միջոցով մոտենալ Հայաստանի իրականությանը» վերնագրով:

Հայկական խորհրդարանական պատվիրակության այցը Տոկիո

Մայիսին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» («Daikanyama Hillside Terrace») միջոցառումների սրահում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայկական մշակույթի շաբաթ, որտեղ հայկական մշակույթը ներկայացրել են թե՛ հայ, թե՛ ճապոնացի արվեստագետներ: Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվել են հայ եւ ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի եւ Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մորիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները, ներկայացվել են Կյոտոյի «Սեյկա» համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկայի աշխատանքները, ով արդեն մի քանի տարի է Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը: Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձերի առաջին էջերի պատկերներով ճապոնացի հասարակությանը ներկայացվել է աշխարհի արձագանքն ու  վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը:

Այս տարի` ապրիլի 24-ին, հրատարակվել է նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճապոներեն լեզվով առաջին գիրքը՝ «Փաստերի գիրք» («Fact Book») վերնագրով, որը հեղինակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեն: Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վկայող պատմական փաստեր, միջազգային մամուլում տպագրված, նաեւ հայ եւ արտասահմանցի հեղինակների կողմից հրապարակված հոդվածներից, գրքերից հատվածներ, լուսանկարներ:

Ճապոնիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են: Օրերս Տոկիոյում տեղի ունեցան դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները, սեպտեմբերի սկզբին էլ նախատեսվում է «Խաչատրյան» Տրիոյի համերգային շրջագայությունը:

Վերջին հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Շատերը, ստանալով մեկ մասնագիտություն, իրենց ամբողջ կյանքում զբաղվում են միայն այդ մասնագիտությամբ: Այդպիսի մարդկանց մի մասը, առավել նեղացնելով մասնագիտական ոլորտն ու խորացնելով գիտելիքները, հասնում է պրոֆեսիոնալ, փորձագետի մակարդակի, եւ, իհարկե, նրանց պահանջարկը մեծ է հասարակությունում:

Միաժամանակ, կա նաեւ պահանջարկ այնպիսի մասնագետների, որոնք նեղ մասնագիտական գիտելիքներից բացի, ունեն հետաքրքրություն եւ փորձ այլ ասպարեզներում, որոնք տիրապետում են լեզուների եւ ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք, զարգացնելով իրենց իմացությունը տարբեր մշակույթների, պատմության ու հոգեբանության մասին, ազատում են իրենց մտածելակերպը շատ նեղ շրջանակներից, ուստի կարող են արդյունավետ գործել միջազգային հարթակներում: Դիվանագետներին ես, իհարկե, կդասեի վերջիններիս շարքին:

Դիվանագետի մասնագիտությունն ընտրողներին առաջին հերթին  խորհուրդ կտայի սովորել օտար լեզուներ` անգլերենից բացի, թեկուզ եւս մեկը: Լեզվի իմացությունը շատ է օգնում այլ մշակույթների եւ հոգեբանության մասին գիտելիքների ձեռքբերմանն ու խորացմանը:

Դեսպան Պողոսյանի հանդիպումը Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիի հետ

Եղեք հետաքրքրասեր. հետաքրքրասեր մարդը սովորում է իր ամբողջ կյանքի ընթացքում եւ սովորաբար հաճույք ստանում ուսման գործընթացից ու ստացած գիտելիքներից: Եվ ամենակարեւորը՝ խանդավառությամբ եւ նվիրումով մոտեցեք ձեր աշխատանքին:

Հրանտ Պողոսյան, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյան թիվն ու վայրը՝

1953թ. փետրվարի 1, Հայաստան

Կրթությունը՝

- Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (մաթեմատիկոս, 19752.)

- ՍՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հաշվողական կենտրոն (կիրառական մաթեմատիկայի ու կիբերնետիկայի գիտությունների թեկնածու, 1982թ.)

Լրիվ հաստիքով ակադեմիական աշխատանքային ստաժ

- Մոսկվայի պետական համալսարան, ստաժոր-դասախոս (1975-1976թթ.),

- Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ասիստենտ, դոցենտ (1976-1991թթ.),

- Որակավորման բարձրացման միջոլորտային ինստիտուտ, Երեւան, դոցենտ (1989-1991թթ.),

- Միջազգային քրիստոնեական համալսարան, Տոկիո, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, մաթեմատիկա ու հաշվողական գիտություններ (1991-2012թթ.),

- Դեկան, բարձրագույն դպրոցի բնական գիտությունների ֆակուլտետ (2001-2005թթ.),

- Դեկան, բնական գիտությունների ֆակուլտետ (2007-2008թթ.),

- Ղեկավար, համալսարանի բարձրագույն դպրոց (2008-2012թթ.),

- Հիմնադիր տնօրեն, «Global Leadership Studies» (2011-2012թթ.),

Հյուրընկալվող պրոֆեսորի պաշտոններ

- Միջազգային քրիստոնեական համալսարան, Տոկիո, Ճապոնիա (1987-1988թթ.),

- Հյուր պրոֆեսոր, մաթեմատիկա եւ տեղեկատվական գիտություններ,Մոնրեալի համալսարան (Universite de Montreal), Կանադա (1997-1998թթ.),

- Հյուր պրոֆեսոր, մաթեմատիկա, համընդհանուր հանրահաշիվ,Ռատգերսի համալսարան (Rutgers University), ԱՄՆ (1999-2000թթ.),

- Հյուր պրոֆեսոր, օպերացիոն հետազոտություն (Operations Research),Էկոլնորմալսուպերիոր (ÉcoleNormaleSupérieure), Փարիզ (2005-2006թթ.),

- Հյուր պրոֆեսոր, տեղեկատվական գիտություններ, Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն (2006թ.), Կոլմոգորովի անվան հյուր պրոֆեսոր, մաթեմատիկա, Ճապոնիայի համալսարաններ (Մեյջի, Էհիմե),արտադրույք դասախոսի պաշտոններ

Մասնագիտական գործունեություն

Բազմաթիվ հոդվածների, գրքերի, ելույթների հեղինակ միջազգային հարթակներում

Միջազգային ամսագրերի գրախոս, գիտաժողովների կազմակերպիչ

Գիտական գրանտների շահող

Կրթական ռեֆորմների առաջնորդ ու նոր ծրագրերի հեղինակ

Ճապոնիայի արդյունաբերողների համար առաջնորդային կրթության ու գլոբալ կադրերի զարգացման ծրագրերի հեղինակ, հիմնական զեկուցող

Բազմաթիվ հոդվածներ, ելույթներ, դասախոսություններ ու հարցազրույցներ ԶԼՄ-ում Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքականության ու արվեստի մասին

Ղեկավար պաշտոններ

- Ճապոնիայի բազմարժեք տրամաբանության գիտական միություն, հոգաբարձու, 1992թ.,

- Տոկիոյի Միտակա քաղաքապետարանի «Միջազգայնացման համայնքային Կլոր-սեղան», կոմիտե, անդամ, համանախագահ, (2000-2011թթ.),

- Միտակայի միջազգային կապերի զարգացման ընկերություն, հոգաբարձու, 2004թ.,

- Ճապոնիա-Հայաստան միություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, 2000թ.,

- ՀՀ արտգործնախարարի Ճապոնիայի հարցերով խորհրդական, 2004-2010թ.,

- Ճապոնիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական 2010-2012թ.,

- Դիլիջանի միջազգային դպրոց, հոգաբարձու, 2011թ.

Դիվանագիտականաստիճան`

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահի 2012թ.մայիսի 8-ի հրամանագրով: ՀՀ Նախագահի 2014թ. հունվարի 21-ի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Պատվոգրեր`

Մասնագիտական եւ հասարակական գործունեության համար

Լեզուներ`

Ռուսերեն, անգլերեն, ճապոներեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Զրույց դեսպանի հետ. Արա Սահակյան

Զրույց դեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույց դեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույց դեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ