News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները աշխատանքային միգրանտներ դարձած իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մշակված որեւէ քաղաքականություն չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ մեր պետությունը ոչինչ չի անում երկրի սահմաններից դուրս իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ 

«Պետությունը պարտավորություն ունի իր քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը ստանձնել նաեւ երկրի սահմաններից դուրս։ Այստեղ պետական մարմինների լուրջ բացթողումն է։ Մեր պետությունն ընդհանրապես իրավունքների պաշտպանության վերաբերյալ քաղաքականություն չունի մշակված իր այն քաղաքացիների համար, որոնք կենսական միջոցների հայթհայթման նպատակով ստիպված են լքել երկիրը։ ԱՆհրաժեշտ է պետության պարտավորվածություն ձեւավորել»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը նշեց, որ կարելի է պնդել՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը որպես աշխատանքային միգրանտներ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կոպտորեն խախտվում են ոչ միայն հայ, այլեւ այլազգի միգրանտների իրավունքները։

«ՌԴ-ում ընդհանրապես միգրանտների, կամ նրանց իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքը արժանապատվությունը նվաստացնող է ոչ միայն հայերի, այլեւ այլազգի քաղաքացիների նկատմամբ։ Սակայն ազգայնականությունը պահպանվում է հատկապես Ուկրաինայից ժամանած միգրանտների նկատմամբ»,-նշեց Սաքունցը՝ ավելացնելով, որ ՌԴ-ում միգրանտների նկատմամբ հասարակության վերաբերմունքի՝ անհանդուրժողականության,  փոփոխություն է վերջերս նկատվում։

Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Պետք է ստեղծվեն իրազեկման կենտրոններ, որտեղ երկիրը լքողները կարող են տեղեկանալ՝ արտերկրում ինչ կառույցների դիմել խնդիրներ ունենալու դեպքում։

Իրավապաշտպանը նաեւ հատկանշական համարեց այն փաստը, որ միգրանտները զրկված են ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս հարցը եւս, ըստ Սաքունցի, պետությունը պետք է լուծի։

Սաքունցի կարծիքով՝ հայ քաղաքացիները իրենց իրավունքների պաշտպանության խնդիրը կարող են լուծել՝ընտրելով նոր որակի իշխանություն, որը կստանձնի իր քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը եւ երկրի ներսում, եւ դրա սահմաններից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ