Հանրապետական կուսակցությունն այս օրերին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումներ է անցկացնում՝ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ դեռեւս երկու քննարկում էլ կա, որից հետո իրենց վերջնական դիրքորոշումը կհայտնեն:
«Երփուլ ընտրությունների դրույթի վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում, հստակ դիրքորոշում կունենանք սեպտեմբերի 3-ից հետո»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ երկփուլ ընտրությունների դրույթի վերաբերյալ հակասություններ կան քաղաքական դաշտում: Ոչ բոլոր ուժերն են կողմ երկրորդ փուլի անցկացմանը, քանի որ մտավախություն ունեն՝ որեւէ քաղաքական ուժ կարող է արհեստականորեն մեծամասնություն դառնալ խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայից մեկնարկելու է նախագծի վերաբերյալ քննարկումները: Ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ հանրաքվեն անցկացվելու է աշնան վերջին: