Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ 17-ամյա Սամվել Սարգսյանի հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը:
«Նախաքննությունը շարունակվում է: Այս պահին որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Կարծում եմ՝ սպասում են Պերմյակովի դատաքննությանը, որ հասկանան՝ ինչ անել այս գործի հետ: Թերեւս իրավապահ մարմիններն էլ չգիտեն ինչ ընթացք տալ գործին»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել 2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Բախումներից հետո հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 19 քաղաքացու: