Հնարավոր է, որ առաջիկա 1-2 տասնամյակների ընթացքում Հայաստանը դառնա ոչ թե Թուրքիայի կամ ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ այլ պետության հարեւանը։ Այս մասին օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ նկատի ունենալով վերջին իրադարձությունների ֆոնին քրդական պետության ի հայտ գալու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ փաստ է, որ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը քրդաբնակ է։ «Մենք պետք է նրանց հետ համագործակցենք տարբեր ոլորտներում, օրինակ, հասարակական կամ գիտական մակարդակներում։ Այստեղ նուրբ խաղ է պետք խաղալ, քանի որ եթե մենք չներգրավվենք այդ խաղին, այնտեղ ուրիշները կհայտնվեն։ Բնականաբար մենք ունենք ինչպես համընկնող, այնպես էլ բախվող շահեր։ Հայերի եւ քրդերի ընդհանուր թշնամին Թուրքիան է, սակայն միաժամանակ հայերն ու քրդերը հավակնում են նույն որոշակի տարածքին։ Պետք է ընդհանուր լուծում գտնել»,- հավելեց Արա Պապյանը։