News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Փոքր էի, մի օր որոշեցի հորս նման ասեղներ անցկացնել մարմնիս միջով: Ծնողներս տանը չէին, ասեղները ձեռքիս միջով անցկացրի: Ծնողներս եկան, տեսան, զայրացան: Ասացի՝ պապ, ես էլ եմ ուզում քո նման ռեկորդակիր դառնամ, որ ինձ բոլորը ճանաչեն: Մտածեցինք ու որոշեցինք, որ ես այլ ռեկորդ կսահմանեմ՝ մազերով մեքենա կքաշեմ»,- պատմում է վանաձորցի 14-ամյա Կարինե Սարգսյանը:

Հայրը՝ Վրեժ Սարգսյանը, իր սահմանած ռեկորդներով հայտնի է ոչ միայն Հայաստանում: Ձեռքերի միջով անցկացրած մետաղե լարերին ամրացված պարաններով նա կարողացել է քաշել տարբեր մեքենաներ, նաև մեծ նավ՝ Սևանում:

Հայաստանի «Դյուցազնագրքում» գրանցված ռեկորդակրի երազանքը, սակայն, Երևանում մետրոյի գնացք քաշելն էր, որը 2012թ. հաջողությամբ փորձարկեց, սակայն այդպես էլ չի հասցրել դա հրապարակային անել ու գրանցվել «Դյուցազնագրքում»: 2012թ. ամռանը Վրեժ Սարգսյանը հանկարծամահ է եղել:

Դուստրը` Կարինեն 2011թ. երկու շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո 10 տարեկան հասակում փորձել ու առաջին փորձից հաջողել է մազերով քաշել  800 կգ քաշով «Վազ 21 06» մակնիշի ավտոմեքենան: 

Հայրը դստեր համար կազմակերպել է ռեկորդի  հրապարակային ցուցադրում:

Վանաձորի Հայքի հրապարակում 2011թ. դեկտեմբերին Կարինեն 7 մետր 65 սմ  քաշել է 1340 կգ քաշով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան և սահմանել ռեկորդ, որը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: 2013թ. սահմանել է նոր ռեկորդ՝ 10 մետր 30 սմ քաշելով 1760 կգ քաշով «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

 Նա հիմա ցանկանում է իրագործել հոր երազանքը` ռեկորդ սահմանել` քաշելով մետրոյի գնացքը:

«Հայրս չհասցրեց գրանցել այդ ռեկորդը: Հիմա ուզում եմ դա ես անեմ, բայց մենակ չեմ կարող, եղբայրս ինձ կօգնի»,- ասում է Կարինեն: 

17-ամյա Արտակը կմիանա քրոջը. նրանք կփորձեն միասին քաշել մետրոյի գնացքը` մեկը ատամներով, մյուսը` մազերով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Արտակը նույնպես ռեկորդներ է սահմանել՝ քաշելով մեքենաներ ատամներով: «Դյուցազնագրքում» գրանցված վերջին ռեկորդը 2013–ին էր. 16 մետր 20 սմ կարողացել է քաշել 2300 կգ-ոց  «Մերսեդես» մակնիշի մեքենան:

«Վերջնական նպատակս այն է, որ կարողանամ աշխարհի ռեկորդ սահմանել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում»,- ասում է երիտասարդը:

Զրուցեց Գայանե Սարգսյանը

Տպել
Ամենաշատ