News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ խորհուրդը դատապարտում է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի այն հայտարարությունը, որ հաշմանդամություն չունեցող եւ ունեցող երեխաների՝ նույն դասարանում սովորելը մտահոգիչ է: Խորհուրդն այսօր՝ օգոստոսի 31-ին, բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն Մարգարյան, օգոստոսի 29-ին կայացած ուսումնական տարեսկզբին ընդառաջ դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, խոսելով ներառական կրթության մասին, մտահոգիչ է համարել այն փաստը, որ հաշմանդամություն չունեցող երեխաները պետք է նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ։ Քաղաքապետի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է. «Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է։ Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյո՞ք սա մտահոգիչ չէ։ Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»։

Նկատի ունենալով, որ փոխքաղաքապետի պաշտոնական ելույթը չի կարող անձնական կարծիք դիտարկվել, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ։

Քաղաքապետի տեղակալի ելույթը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ այն ոչ միայն ակնհայտորեն հակասում է ՀՀ պետական քաղաքականությանը, այլ նաև վիրավորում է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ծնողների՝ կասկածի տակ դնելով նրանց՝ իրենց հասակակիցների հետ կրթություն ստանալու իրավունքը։

Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխությամբ Հայաստանը հռչակել է ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք և որ մինչև 2025 թ. Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» հորդորում է Երևանի քաղաքապետին հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի շուրջ և վերանայել անձի և պաշտոնի նպատակահարմարությունը՝ առաջնահերթ համարելով երեխայի իրավունքները և ՀՀ օրենսդրությունը»:

Տպել
Ամենաշատ