News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում բնակվող Զարի Գրիգորյանը 6 անչափահաս երեխաների մայր է: Այս տարի 5-ին դպրոց է ուղարկում: Ընտանիքը դժվար պայմաններում է ապրում. հիմնական եկամուտը 60,000 դրամ նպաստն է, նաև անասնապահությամբ են զբաղվում: Տիկին Զարին պատմում է, որ նաև լրացուցիչ աշխատանք է փորձում գտնել:

 «Շինուհայրի բրդի լվացման արտադրամասում թել եմ մանում, ճախարակը տուն եմ բերել, որ կարողանամ  փոքրիկներիս խնամեմ, տան հոգսերը հոգամ: Ուշ երեկոներն եմ թել մանում, երբ բոլորը քնած են, խնդիրն այն է, որ թելերը դժվար են իրացվում, քիչ ենք վաստակում, բայց եթե աջակցություն լինի և շատ սպառվեն, գյուղի կանայք կկարողանան եկամուտ ստանալ: Այս աշխատանքը նաև մշակույթ է, թել մանելով հանգստանում եմ»,- պատմում է տիկին Զարին:

6 երեխաների մայրը, անկախ դժվարություններից, ուրախ է, որ որ վեց երեխա ունի, հպարտանում է իր փոքրիկներով: «Ճիշտն ասած՝ այն ընտանիքը, որ մտնում եմ, և քիչ երեխա է լինում, տխրություն եմ տեսնում, իմ բալիկներն իմ ուրախությունն են, տան ջերմությունը: Ես դեմ եմ, երբ ասում են ՝ երկու երեխա ունենաս, լավ պահես. դու ի՞նչ գիտես՝  լավ պահելը ո՞րն է, ամեն մի երեխա ընտանիքում իր արժեքն ունի»,-ասում է փոքրիկների մայրը: 

Բազմազավակ ընտանիքը վարձով է ապրում, սեփական տանիք չունեն:  Տիկին Զարին պատմում է, որ անհանգիստ վիճակում են, տանտերն ամեն վայրկյան կարող է գալ և դուրս հանել: «Երազում եմ, որ մի օր  տուն ունենամ, հույս ես տալիս քեզ, լավատեսորեն տրամադրվում, մտածում ես, որ վաղն ավելի հեշտ կլինի քո երեխայի համար, դու կարող ես նրանց մի բանով ապահովել, էն դժվարությունը, որի միջով անցել ես, երեխադ չանցնի»:

Տիկին Զարին պատմում է, որ հիմնականում պարտքով են սնունդ և հագուստ գնում երեխաների համար, բայց երբեք սահմանը չեն անցնում։

 «Իմ մեջ կա հպարտություն, բարոյականություն, որ ինչ–որ մեկն ինձ չանհանգստացնի և ասի , որ պարտքդ շատացել է: Ինչ դժվարությամբ աշխատանք ուզում է լինել, կարող եմ աշխատել, մենակ իմ երեխան չտխրի, տուն գա ու ասի՝ մամ էն երեխայի կոշիկը լավն էր: Երեխաներս շատ լավ սովորում են, մի օր ուսուցիչներից մեկը մոտեցավ ու ասում է՝ կարողանո՞ւմ ես ապահովել, որ քո երեխան ամեն օր գնա բուֆետ: Իմ համար դա էլ է  ցավալի»:

 Իրենց երեխաներին պահելու համար ամուսիները շատ են աշխատում, փորձում ամեն աշխատանք կատարել, բայց պետությունից քիչ աջակցութուն են ստանոմ:

«Պետությունը մեզ նեղում է, եթե ամուսինս աշխատի և 70000-ից ավել վաստակի, 60,000 նպաստը կկտրեն: Ամեն ինչին հարմարվում ենք. պարզապես մեր միակ երազանքն է տուն ունենալ, մեր  անկյունը ունենալ, ինչ որ հարմարություն լինի, որ դա քոնը լինի, և երկու տարի հետո չգան ասեն՝ դուրս արի այդ անկյունից»:

Տպել
Ամենաշատ