News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաեւ մայր ԲՈՒՀ-ի եւ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։

Նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին` հորդորելով լավ սովորել, քանի որ համալսարանական տարիներին են դրվելու նրանց լավ մասնագետ դառնալու հիմքերը: Նախարարը նաեւ հավելեց, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են, ովքեր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջոցով համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:

Իր ելույթում եւ հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Անդրադառնալով այս տարի նշվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Էդվարդ Նալբանյանը նշեց.

«Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ ողջ աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման նպատակով արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները տարել են հետեւողական աշխատանք:

Մենք կարեւորում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը աշխարհասփյուռ հայության համար պատմական արդարության վերականգնման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների կառուցման մթնոլորտի ձեւավորման առումով:

100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով:

Հայոց ցեղասպանության ճանաչման անշրջելի գործընթացն առաջ է ընթանում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով:

Այս կապակցությամբ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են հայտարարություններով հանդես եկել։

Հատուկ կցանկանայի առանձնացնել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը եւ նրա հղած կարեւորագույն ուղերձը։

Ապրիլի 24-ին Երեւանում էին մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ, եւ, իհարկե, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի նախագահները, ովքեր այս կապակցությամբ հանդես եկան ելույթներով եւ ուղերձներով:

Հատուկ կարեւորություն ունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին, այլեւ խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի բաժին պատասխանատվության մասին։

100-րդ տարելիցի կապակցությամբ Մեծ Եղեռնը դատապարտող բանաձեւեր են ընդունել տարբեր պետությունների օրենսդիր մարմինները` Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Չիլիի պատգամավորների պալատները, Բրազիլիայի, Կանադայի Սենատները եւ այլ խորհրդարաններ:

Ճանաչման եւ դատապարտման գործընթացը շարունակվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակներում, որոնց շարքում կառանձնացնեի Եվրախորհրդարանի եւ Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարյուրավոր պատգամավորների, ինչպես նաեւ՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում ակտիվ դերակատարությունը: Այս ուղղությամբ Հայաստանը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս տարի մարտի 27-ին Ժնեւում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որը համահեղինակեցին 72 երկրներ:

Բանաձեւը վերահաստատում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը եւ արդարացման փորձերը խրախուսում են նման հանցագործությունների կրկնությունը եւ խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման նպատակով դիվանագիտան ներկայցուցչությունների եւ համայնքային կառույցների սերտ համագործակցությամբ Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվեցին հազարավոր միջոցառումներ:

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում հրապարակվել են եւ եթեր են հեռարձակվել հարյուրավոր հոդվածներ եւ հաղորդումներ Հայոց ցեղասպանության մասին։

Միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հանդեսը՝ 330 էջանոց, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, տեղ են գտել ՀՀ Նախագահի, Ֆրանսիայի ներկայիս եւ նախկին նախագահների հրապարակումները, բազմաթիվ հեղինակավոր ցեղասպանագետների հոդվածներ։

Այս համատեքստում շատ կարեւոր նշանակություն ուներ ապրիլի 22-23-ին Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին ներկա էին շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոգեւորականներ, գիտնականներ, փորձագետներ ավելի քան 50 երկրներից: Ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարեւոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Ինչպես գիտեք, ֆորումի մասնակիցների կողմից առաջարկ է հնչել Հայաստանում այդպիսի համաժողովների կազմակերպումը պարբերական դարձնել:

Հայաստանի Հանրապետության Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ին Երեւանում մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին։ Այդ հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով եւս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի ղեկավարության համար։ Դեռ ավելին, նրանք այդ նույն օրը կազմակերպեցին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներից»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսության ընթացքում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարեւան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ