News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չորրորդ գյուղի տներից մեկի նկուղային հարկում վարձակալությամբ բնակություն հաստատած Ավետիսյանների ընտանիքում այսօր սեպտեմբերիմեկյան աշխուժություն չի եղել։ Տան երեք դպրոցահասակ երեխաները` 15–ամյա Գարիկը, 13–ամյա Անին ու 11–ամյա Լիանան, նախօրեին ոգեւորությամբ չեն պատրաստել ուսումնական տարվա առաջին օրվա հագուստներն ու պայուսակները. արթնացել են սովորականի նման ու մնացել տանը։

Երեխաների մայրը սեպտեմբերի 1–ի մասին խոսելիս հազիվ է զսպում արցունքները. ուրիշների տները մաքրելով, գորգեր լվանալով որքան էլ փորձել է, չի կարողացել հագուստ ու գրենական պիտույքներ գնել, սիրտը ցավել է`երբ տեսել է` ինչպես են զավակները նայում դպրոց գնացող իրենց հասակակակիցների հետեւից։

«Երեկ մի քիչ լաց եղան, որ բոլորը գնում են, իրանք տանն են։ Ես էլ եմ վատ զգում, որ իմ էրեխեքը ոչ մի բանի չեն մասնակցում»,– NEWS.am–ին պատմեց Անահիտ Ղազարյանը։

38–ամյա կինն այժմ, կարելի է ասել, մենակ է մեծացնում երեխաներին։ Ամուսինը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել աշխատելու, բայց գործերը լավ չեն, առողջականը` նույնպես, հնարավորություն չունի անգամ Հայաստան վերադառնալու։

Անահիտի ընտանիքը միշտ չէ, որ նման ծանր սոցիալական վիճակում է եղել։ Ամուսնանալուց հետո նա ամուսնու հետ բնակվել է նրա սեփական տանը, երեք երեխա ունեցել, նրանց ապագայի հետ կապված ծրագրեր կազմել։ Ամուսնու մեկնելուց հետո սկեսրայրը հարսին ու թոռներին տնից դուրս է հանել։

Անահիտի վաստակածը հազիվ բավականացնում է սննդին ու առաջին կարիքներին։ Ծանր աշխատանքային օրվա վերջում գլուխը բարձին դնելուց հետո 38–ամյա կինը դեռ երկար չի քնում. նրան մղձավանջի պես հետապնդում են տանտերերին ունեցած վեց ամսվա պարտքը, վաղը դրսում հայտնվելու վտանգն ու երեխաների ապագայի մասին իր չիրականացած երազանքները։

Նման երեխաներ Հայաստանում շատ կան. դիտեք NEWS.am–ի հատուկ ֆոտոռեպորտաժը` «Ուրիշ սեպտեմբերի 1»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ