News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայումս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրավիճակը լարված է, սակայն բախումներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ ցուցարարները հավաքվել են Լիբանանի բնության պաշտպանության նախարարության մոտ եւ պահանջում են նախարարի հրաժարականը։ «Նախարարը հայտարարել է, որ դա նստացույց է եւ ոչ թե նախարարության գրավում։ Այսինքն՝ բավական կոշտ հայտարարություն է արել։ Իրավապահները փորձել են ցուցարարներին դուրս հանել նախարարության շենքից։

Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին արել ուղղվել դեպի Բնության պաշտպանության նախարարության շենք, եւ հայտարարել էին, որ իրենք շենքը կլքեն միայն այն ժամանակ, երբ իրենց բոլոր պահանջները կատարվեն»,- նշեց Գանտահարյանը։

Այսինքն՝ նրա խոսքով՝ բավական արմատական ցույց է ընթանում։ «Ցուցարարները պնդում են, որպեսզի նախարարը լուծի աղբի խնդիրը, ինչը, ես կարծում եմ, որ միայն բնության պաշտպանության նախարարի խնդիրը չէ։ Կառավարությունը պետք է հիմնավորված որոշում կայացնի, թե որ ընկերությունը պետք է զբաղվի աղբահանությամբ։ Քննադատություն է հնչում նաեւ ՆԳ նախարարի հասցեին, քանի որ նրա վրա է ընկած իրավապահ մարմինների կողմից կիրառած բռնության պատասխանատվությունը»,- հավելեց Շահան Քանդախարյանը։

Նրա տեսանկյունից, բողոքի ցույցը կշարունակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր կենտրոնացել են նախագահին ընտրելու անհրաժեշտության վրա եւ ցանկանում են հասնել առավել արմատական համաձայնության։ «Այդ համաձայնություններին կհետեւի նաեւ աղբահանության խնդիրը, որը հրատապ է։ Ի վերջո դա կարող է էկոլոգիական աղետի վերածվել»,- իր մտահոգությունն է հայտնել Գանտահարյանը։ 

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները մտել են Բնության միջավայրի պաշտպանության նախարարություն եւ պահանջում են նախարար Մուհամմեդ Ալ Մաշնուկի հրաժարականը։ Լիբանանի հասարակությունը հենց այս նախարարին է մեղադրում  երկրում «աղբահանության ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Ճգնաժամը շարունակվում է հուլիսի 13-ից, երբ բնապահպանների պահանջով փակվել էր Նաամայի ամբարտակը, ուր լցնում էին կենցաղային աղբը։ Դրա պատճառով երկիրը հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին, ինչի պատճառով զանգվածային ցույցեր են ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ