News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին ժամը 17:00-ին՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Կյանքի վերջին տարիներին էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացմանը: Նա իրեն ճանաչողների եւ զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ եւ քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի եւ բանակի կայացման առաջամարտիկներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ