News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի՝ 5.83 մլրդ ռուբլի արժողությամբ նոր շենքը նախագծել է Վլադիմիր Եվտուշենկոյի «Մոսպակստրոյ» ընկերությունը: Այն կառուցելու է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Այս մասին գրում է РБК-ն:

Նախագծի համաձայն, շենքային համալիրի ընդհանուր մակերեսը գրեթե 60 հազար քառակուսի մետր է, որոնցից 13.300 քառ. մետրը գետնահարկ է լինելու: Ներսում նախատեսվում է կառուցել աշխատասենյակներ, մշակութային կենտրոն, մարզական համալիր: Բացի այդ, առաջին հարկում նաեւ ճաշարան կլինի՝ VIP-սրահով եւ բարով:

Գետնահարկում ավտոլվացման կետով եւ մեքենաների ստուգման գոտով ավտոկայանատեղի կլինի, հրաձգարան եւ «քաղաքացիական պաշտպանության գոտի»: Ամենավերին՝ 18-րդ հարկը կզբաղեցնի Քննչական կոմիտեի նախագահի բլոկը: Ալեքսանդր Բաստրիկինի համար նաեւ առանձին ելք է նախատեսված՝ առանձնացված ծառայողական վերելակով: Իսկ շենքի տանիքին ուղղաթիռի հրապարակ կկառուցվի:

«Մոսպակստրոյ»-ում չեն մեկնաբանել Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իսկ Եվտուշենկոն РБК-ին ասել է, որ տեղյակ չէ ՔԿ-ի նոր շենքի շինարարությունից:

Պետգնումների պաշտոնական կայքում շինարարությունն իրականացնողի ընտրության մրցույթի մասին տեղեկություն չի հրապարակվել: Սակայն ՔԿ-ի կայքում նշված է, որ շինարարական գլխավոր ընկերությունը «Կասկադ-էներգո»-ն է, որը Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբում է ներառված:

Քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման մասին որոշումն ընդունվել է 2012 թվականին: Նախապես ծրագրվում է շինարարությունն ավարտել 2017 թվականին, սակայն ժամկետները բազմիցս փոփոխվել են: ՔԿ-ի շենքը կառուցվելու է դաշնային բյուջեի միջոցների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ