News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


7-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Սարգսյանն այս տարի դպրոց է գնացել անցած տարվա հագուստով։ Կենսախինդ, լուսավոր հայացքով աղջնակի համար, սակայն, հին հագուստները սեպտեմբերի 1–ի տոնը չեն փչացրել։ Բացառիկ շփվող ու զրուցասեր Մարիամը բարձր տրամադրությամբ դպրոցից տուն էր վերադարձել։

«Գրենական պիտույքներ չգնեցինք։ Թաղապետարանը երկու պայուսակ էր տվել, բայց ամաչում եմ բռնել, որովհետեւ 7-րդ դասարան եմ, իսկ պայուսակները փոքր են»,– տեսախցիկի առջեւ առանց կաշկանդվելու պատմում է Մարիամը։

Վարդաշենի կիսախարխուլ հանրակացարանի փոքրիկ բնակարանում ամենաարժեքավոր իրը պահարանի գլխին դրված` արդեն չաշխատող համակարգիչն է։ Մարիամն ինքն է այն վաստակել` իր համարձակությամբ։

«Մի քանի տարի առաջ, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այցելել էին դպրոց դասալսման, հարցրել էին աշակերտներին, թե ինչ են դառնալու: Մարիամը պատասխանել էր, որ դատախազ է դառնալու: Տիգրան Սարգսյանը հարցրել էր, թե ում ես դատելու, աղջիկս ասել է` Ձեզ: Մի քանի օր անց մեր տուն են եկան մի քանի թիկնապահներ: Ներս մտան, նայեցին եւ հեռացան: Իսկ դրա հաջորդ օրը Տիգրան Սարգսյանը եկավ եւ Մարիամին համակարգիչ նվիրեց»,- պատմում է Մարիամի մայրը` տիկին Ռուզաննան:

Մարիամը հիմա էլ դատախազ դառնալու միտքը չի փոխել, արդեն այլ հիմնավորմամբ։

«Ուզում եմ դատախազ դառնալ, որ վատ ծնողներին դատեմ, քանի որ նրանք իրենց երեխաներին մանկատուն են տանում, ծեծում են եւ ստիպում մուրացկանություն անել: Իսկ գողերին դատելու եմ, որ էլ գողություն չանեն»,- ասում է 12–ամյա աղջիկը։

Բնակարանի փոքրությունը, կենցաղային վատ պայմաններն ու բազմաթիվ չգնված կոշիկներն ու շորերը աղջնակին չեն ընկճում, նրան տխրեցնում է միայն մայրիկի վատառողջությունը, իսկ գրենական պիտույքները, հոգ չէ, կգնենք, ասում է, երբ մայրիկը թոշակ ստանա։ 

Կազմակերպված, խելացի աչքերով ու տրամաբանված խոսքով այս աղջնակին նայելով` չես կասկածում` նա անպայման իր նպատակին կհասնի։ Ուզում ես միայն աղոթել, որ Մարիամն ու իր նման հազարավոր երեխաները կյանքում մեծ հաջողությունների հասնելուց առաջ բաց չթողնեն իրենց մանկության փոքրիկ ուրախությունները։

Մելինե Տոնոյան

Նման երեխաներ Հայաստանում շատ կան. դիտեք NEWS.am–ի հատուկ ֆոտոռեպորտաժը` «Ուրիշ սեպտեմբերի 1»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ