News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Գնացք քաշող պապիկը». երեխաները նրան փողոցում ճանաչում են, մատով ցույց տալիս։ Նրանց համար Մանուկ Ավետիսյանը հեռուստացույցի հերթական հերոսն է, որն առանց նկատելի ջանքեր գործադրելու ճակատով հսկայական ծանրություններ է քաշում։  Մինչդեռ կադրից դուրս տարիների համառ աշխատանքն է, կամքի մեծ ուժը։   

Ավելի շատ ես զարմանում, երբ իմանում ես, որ Մանուկ Ավետիսյանը «Հերկուլեսի կարիերան» սկսել է այն տարիքում, երբ շատերը կարծում են, որ վաստակած հանգստին անցնելու ժամանակն է` 50 տարեկանից հետո։

«Առաջինը մի մատով ավտո քաշեցի, փորձեցի ճակատով` 3 տոննա, ստացվեց, հետո 5, հետո 7 տոննա, վերջում վագոն քաշեցի` 50 տոննա, ու այս ամենը` 54 տարեկանում»,–պատմում է` հպարտությամբ նշելով, որ ինքն աշխարհում միակն է, ում հաջողվել է դա. «Մի պարսիկ փորձ ա արել 15 տոննայով, մի թափից վիզը ջարդել ա»։

Ինչ–որ պահի, սակայն, ուժերը գերագնահատելու, կամ նախախնամության կամքով Մանուկ Ավետիսյանը ձախողել է հերթական փորձությունը, ինչը նրա համար սթափվելու ազդանշան է դարձել։

Ճակատով փորձել է գնացքի 23 տոննայանոց վագոնը քաշել, սակայն կազմակերպիչների սխալ հաշվարկի հետեւանքով քաշն իրականում մի քանի անգամ գերազանցել է նախատեսվածը։

Այդ պահին բացի գլխի սուր ցավից, ուրիշ ոչինչ չի հուշել, որ Մանուկը գլխի ծանր վնասվածք է ստացել։ Միայն ամիսներ անց հիվանդանոցում հայտնվելուց ու վիրահատվելուց հետո բժիշկների հորդորով դադարեցրել է պարապմունքները, բայց միայն ժամանակավորապես։

Ապաքինվելուց հետո հրաժարվել է գլխով ծանրություններ քաշելուց ու անցել ծանրաքարերի։ Կարճ ժամանակ անց կրկին ռեկորդ է սահմանել` երկու ժամ 20 րոպեում 3,4 կգ քաշով ծանրաքերը 14,400 անգամ բարձրացնելով։

Այսօր էլ` 58 տարեկանում, Մանուկ Ավետիսյանը շարունակում է ամեն օր պարապել, թեեւ գիտակցում է, որ իր ամենամեծ երազանքը` 150 տոննա կշռող նավ քաշել, երազանք է մնալու։ Նույնիսկ եթե իր ուժերն ու կամքը բավականացնեն, կինը դա երբեք թույլ չի տա։

Սամվել Գասարջյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ