News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմատներով սասունցի, ներկայում Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանը Akunq.net-ի  հետ զրույցում ներկայացրեց իր «մկրտության» պատմությունը: Արևմտյան Հայաստանում գործող եկեղեցիներ գրեթե չլինելու և քահանաներ չգտնվելու հետևանքով մեր ազգակիցները յուրօրինակ լուծումներ են գտնում` սեփական արմատները պահպանելու համար: Նրա հուզիչ պատմությունը, որ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև, վեր է հանում այնտեղի հայության ունեցած էական խնդիրներից մեկը` գործող եկեղեցիների և Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հավատքի դրույթները ներկայացնող քահանաների պակասը…

«Ներկայում Դիարբեքիր նահանգին, իսկ նախկինում Սասուն գավառին ենթակա Խուլփ գավառի Փասուր գյուղում, որտեղ նախկինում 15 մեծ ընտանիքներ էին ապրում, երկու եկեղեցիներ կային: Դրանցից մեկը Սուրբ Հակոբ Տեր-Հակոբյան եկեղեցին էր, իսկ մյուսը` Սուրբ Գալուստ Տեր-Մկրտչյանը:

Սուրբ Հակոբը մի նշանավոր եկեղեցի էր, որում որոշակի օրերի հարիսա էին եփում: Իսկ Սուրբ Գալուստ Տեր-Մկրտչյան եկեղեցին շատ ավելի հին էր և գտնվում էր ավերակ վիճակում: Չնայած դրան` այդ եկեղեցին ևս օգտագործվում էր որոշակի օրերի: Սուրբ Հակոբ Տեր-Հակոբյան եկեղեցին ժողովրդի շրջանում քրդերեն անվանվում էր «Դերիք-ա բավիյա» («Հոդացավի եկեղեցի»), իսկ Սուրբ Գալուստ Տեր-Մկրտչյանը` «Դերիք-ա հարաբե» («Ավերակ եկեղեցի»):

«Դերիք-ա բավիյան» նախքան եկեղեցի դառնալն օգտագործվել է որպես հեթանոսական տաճար: Հոդացավով տառապող հիվանդները չորեքշաբթի օրերին` արևածագից մինչև արևամուտ ընկած ժամանակահատվածում, այցելում էին այդ եկեղեցին, մոմ վառում և եկեղեցու ավերակներից մի քար վերցնում, որը տուն էին տանում, վառարանի վրա տաքացնում և դնում այն հատվածի վրա, որում ցավ էին զգում: Նրանք հավատում էին, որ այդ կերպ բուժվում է հոդացավը:

Մեկ էլ, որպեսզի երեխաները ջերմություն չունենան, կամ որպեսզի արդեն իսկ ջերմություն ունեցողները ապաքինվեն, նրանց, դարձյալ չորեքշաբթի օրերին, արևածագից մինչև արևամուտ ընկած ժամանակահատվածում տանում էին ավերակ դարձած եկեղեցին: Մետաղե ամանի մեջ յուղ էին այրում, աղոթքներ ընթերցում, ապա այդ ամանի մուրով խաչեր գծում երեխայի աջ ձեռքի բռան մեջ, ձախ ոտքի տակ և ճակատի մեջտեղում: Ուղիղ մի շաբաթ, այսինքն` մինչև հաջորդ չորեքշաբթի նրանք չպետք է լողանային, որպեսզի այդ խաչերը չմաքրվեին:

Ես նույնպես, երբ մի օր ջերմություն եմ ունեցել, հորական կողմից տատիկս իմ մասնակցությամբ այդ նույն արարողությունն է իրականացրել: Քանի որ ես համարում եմ, որ այդպիսով մկրտվել եմ` թե հեթանոսական եւ թե քրիստոնյա հավատքի համաձայն, չեմ ուզել այլ կերպ կնքվել:

Հիմա հետևյալ հարցն եմ ուղղում. քանի՞ հոգի է կարողացել այդ կերպ մկրտվել` Մայր հայրենիքի հողով, արեւով, ջրով ու կրակով…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ