News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)

Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրամանատարներ ԼՂՀ-ից, ազատամարտիկներ, զինվորականներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Դալիբալթայանը բոլորի հուշերում կմնա որպես լավագույն գործիչ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ռազմական գործին:

«Այն մարդկանցից էր, որոնք շատ լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը, ոչ մի իրադրության մեջ իրենց չեն կորցնում, հավասարակշռված կերպով կարողանում են դուրս գալ բոլոր իրավիճակներից»,- ասաց Սեյրան Օհանյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ  Դալիբալթայանն օրինակելի գեներալ է եղել, որից երիտասարդ սպաները շատ բան ունեն սովորելու: Նա նշեց, որ այսօր՝ Արցախի ազատագրման օրը,  ուզում է իր երախտագիտությունը հայտնել գեներալին:

«Գիտելիքների մարդ էր, որը կարողացավ իր խորհրդային փորձառությունը բերել ազատ, անկախ Հայաստան և կիրառել այն: Դալիբալթայանը պարկեշտ, սպայի պատիվը բարձր պահող զորավար էր»,-ասաց Հովհաննիսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ Գուրգեն Դալիբալթայանին պարկեշտ, առաքինի, զինվորականի չոր բնավորությամբ, բայց մարդամոտ ու ջերմ մարդ էր:

«Որպես զինվորական շատ չոր ու կոշտ էր, բայց սիրում էր զինվորներին: Ես առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես էր նա իր ծառայողական պարտականությունները կատարելիս վերաբերվում զինվորականներին և հիացմունք էինք ապրում տեսնելով նրա զինվորական կարգապահությունը»,– ասաց նա։

Նշենք, որ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ