News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցավ սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ (ֆոտոռեպորտաժ):

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի այն նվիրյալ զավակներից էր, որի բարեգործությունները հայ ժողովուրդը երբեք չի մոռանա:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է ցավակցենք, այլեւ բոլորս պետք է մի փոքր դառնանք Հովնանյան»,-ասաց ԱԺ նախագահը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բարերարի հոգեհանգստին ներկա են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մշակութային գործիչներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Նշենք, որ Հովնանյանների հիմնադրամը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն անել հիմնադրամին:

Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում:

1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց եւ ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998թ. Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ