Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատու համանախագահ, հետամուտ է լինելու ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան NEWS.am –ի թղթակցի խնդրանքին ՝ մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ներկա լարված իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:
Դեսպանատունը մեջբերել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՝ այս տարվա մայիսին ասված խոսքերը .«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելը Ռուսաստանը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում, ինչպես հայտարարել է Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին, «մենք ձգտում ենք հասնել բոլորի կողմից ընդունելի հայտարարի: Հույս ունեմ, որ առաջընթաց կապահովվի »,- ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ: