News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ստուգել են կարճ ժամանակում անձնակազմ փոխադրելու համար տեխնիկա հավաքելու՝ քաղաքային իշխանությունների ունակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ղեկավար, գեներալ-մայոր Գենադի Տավարացյանը:

Նրա խոսքով, ստուգում էին քաղաքային իշխանությունների պատրաստվածությունը: «Մենք տեսանք, որ նրանք կատարեցին առաջադրանքը, ընդ որում՝ այդ մասին չգիտեին: Մենք անսպասելիորեն նրանց տվեցինք այդ հանձնարարությունը, եւ նրանք հաղթահարեցին: Քաղաքային իշխանություններին փոխանցեցինք այդ հանձնարարականը, նրանք մի քանի ժամվա ընթացքում ձեւակերպեցին փաստաթղթային բազան եւ հասցրեցին ամեն ինչ անել»,- ընդգծեց Տավարացյանը:

Գեներալ-մայորի խոսքով, Հանրապետության հրապարակ 36 ավտոբուս բերվեց: Այս վարժանքը հակիրճ կարելի է ավտոմոբիլային տեխնիկայի հավաքագրում կոչել: «Քաղաքն իր խնդիրը կատարեց գերազանց, ժամանակին, առանց որեւէ խնդրի: Թե հետագայում ինչ նպատակների համար կօգտագործվի այս տեխնիկան՝ ցույց կտա ժամանակը»,- հավելեց գեներալ-մայորը:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն իր հերթին նշեց. «Մենք առաջադրանք ստացանք. ժամը 23:30-ին Երեւանի քաղաքապետարանը պետք է 30 ավտոբուս ապահովի Հանրապետության հրապարակում՝ մարդկանց տարհանելու համար: Առաջադրանքը կատարվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Ճանապարհային ոստիկանության համատեղ ուժերով»:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ղեկավարի տեղակալ Եգոր Կարապետյանի խոսքով էլ, ՃՈ-ին հանձնարարվել է Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսները Ա կետից Բ կետ ուղեկցել, եւ առաջադրանքը կատարվել է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ