Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ խնդիրներին:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին եւ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են եւ եկել են, որպեսզի տեղում ծանոթանան նրանց խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը տարբեր սոցիալական եւ հարկային արտոնություններ սահմանելով սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է հնարավորինս աջակցել նրանց եւ լուծում տալ նրանց սոցիալական խնդիրներին: Տեղի բնակիչները բարձրացրել են համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացմանը, ճանապարհատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ: Գործադիրի ղեկավարը խոստացել է դրանք քննարկել կառավարությունում եւ տալ համապատասխան լուծումներ:
Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ այցելել է Սեւքար համայնք: Տեղի բնակիչները նշել են, որ հակառակորդի կրակահերթերի պատճառով համայնքում որեւէ խուճապ չկա եւ իրենք ապրում են առօրյա կյանքով: Սեւքարի համայնքապետը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համայնքի ջրագծի եւ մշակույթի տան վերակառուցման համար: Միաժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ առաջիկայում էլ կսկսվեն Սեւքարի դպրոցի հիմնանորգման աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանի այցելած հաջորդ համայնքը Կոթին է եղել: Կոթեցիները կառավարության ղեկավարին շնորհակալություն են հայտնել հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող կրակահերթերի այս օրերին իրենց այցելելու համար եւ նշել, որ իրենց բարոյահոգեբանական վիճակն, ինչպես միշտ, այսօր էլ բարձր է: Այնուհետեւ վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետեւանքով չմշակելուն, ինչպես նաեւ ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել ինչպես վառելափայտի, այնպես էլ չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին եւս լուծում տալու համար:
Վարաչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաեւ, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետեւանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքերի բնակիչներին իրենց ոգին բարձր պահելու համար եւ շեշտել, որ Հայաստանի իշխանությունները՝ Նախագահի գլխավորությամբ, կանգնած են մեր սահմանամերձ բնակչության թիկունքին եւ սահմանապահ համայնքների բոլոր խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: