News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչներին այսօր Կասկադի տարածքում համախմբել էր բրազիլական մշակույթի անբաժանելի մաս հանդիսացող կապոեյրա կատարողների խումբը: Բրազիլական ավանդույթների սիրահարներն ականատես եղան ժամանակին մարտարվեստ համարվող կապոեյրայի պրոֆեսիոնալ ցուցադրությանը, որը պարի, ակրոբատիկայի, խաղերի տարրեր է պարունակում եւ ուղեկցվում է բրազիլական ազգային երաժշտությամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրոն ընդգծեց, որ կապոեյրան շատ կարեւոր մշակութային արժեք է Բրազիլիայում: Նրա խոսքով, Բրազիլիան հայտնի է ոչ միայն գեղեցիկ հուշարձաններով ու լողափերով, այլեւ մշակութային տեսարժան վայրերով:

«Կապոեյրան մարտարվեստ է, որը ստեղծել են աֆրիկական ծագմամբ բրազիլացիները: Նրանք ստրուկներ են եղել, աշխատել են ագարակներում: Նրանք կապոեյրայով են զբաղվել՝ մարտերի օգնությամբ մի օր ազատություն ձեռք բերելու համար: Նրանք չէին կարող դրանով բացահայտորեն զբաղվել, քանի որ ագարակատերը կարող էր նկատել ու կանխել: Այդ պատճառով նրանք կապոեյրային նաեւ պարեր ու երաժշտություն են հավելել»,- պատմեց դիվանագետը:

Ավստրիայից ժամանած կապոեյրայի պրոֆեսիոնալ ուսուցիչ, ծագումով բրազիլացի Վալդուն նշեց, որ 3 օր շարունակ սեմինարներ են անցկացվել, կապոեյրայի ցուցադրություններ Երեւանի փողոցներում եւ կապոեյրայի երեկո՝ batizado, որի ընթացքում նոր աշակերտները գոտիներ են ստացել:

«Իմ ընտանիքը կապոեյրայի մասնագետների ընտանիք է: Ես արդեն երրորդ սերունդն եմ: Իմ դուստր Վալենտինան նույնպես հետաքրքրվում է կապոեյրայով»,- նշեց Վալդուն:

Նա պատմեց, որ 1960-70-ական թվականներին կապոեյրայի առաջին ուսուցիչները Բրազիլիայից ԱՄՆ եւ Եվրոպա են ժամանել: «Նրանք թվում էր նաեւ իմ հայրը: Նա մեկնեց Եվրոպա՝ ամբողջ աշխարհում կապոեյրա եւ բրազիլական մշակույթ ցուցադրելու համար: Ներկայում կապոեյրան մեծ տարածում ունի Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Աֆրիկայում, Ճապոնիայում»,- պատմեց մասնագետը:

Հայաստանում Կապոեյրայի ֆեդերացիայի նախագահ Կարեն Վարդանյանն իր հերթին ընդգծեց, որ 2015 թվականը շատ կարեւոր էր «հայկական» կապոեյրայի համար: «7 տարվա ընթացքում առաջին անգամ ես կարողացա Հայաստանը ներկայացնել կապոեյրայի միջազգային մրցույթներում: Այս տարի մասնակցել եմ Փարիզում անցկացված Եվրոպայի առաջնությունում, Հայաստանը ներկայացրել եմ նաեւ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված աշխարհի առաջնությունում: Այս տարի մենք գոտիների որակավորում անցկացրեցինք, եւ այսուհետ Հայաստանի մասնակիցները կարող են ներկայանալ եվրոպական բոլոր մրցույթներին»,- հավելեց Կարեն Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ