News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնական փողոցների երթեւեկությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վաղ առավոտից կաթվածահար է եղել. փողոցները փակ են, որովհետեւ մայրաքաղաքում անցկացվում է առաջին միջազգային կիսամարաթոնը:

Առավոտից քաղաքացիները դժգոհում են, որ իրենց ոչ ոք չի իրազեկել փողոցների փակ լինելու մասին:

Այս առնչությամբ, NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փողոցների փակ լինելու վերաբերյալ նախօրեին իրազեկել են Երեւանի քաղաքապետարանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Քաղաքապետարանից, սակայն, մեզ հայտնեցին, որ իրենք անցկացնում են Երեւանյան կիսամարաթոնը, որը հոկտեմբերի 4-ին է տեղի ունենալու, եւ այդ մասին պատշաճ իրազեկում արվել է: Մինչդեռ այսօր փողոցները փակվել են Առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հետ կապված::

Սպորտի նախարարությունից էլ փոխանցեցին, որ իրենք պաշտոնական նամակով դիմել են ոստիկանությանը՝ խնդրելով փակել համապատասխան փողոցները, մինչեւ կիսամարաթոնի ավարտը:

Ստացվում է, որ երեք գերատեսչություններ մեկը մյուսի վրա գցելով թերացել են իրազեկման հարցում եւ Երեւանի քաղաքացիներին կանգնեցրել են փաստի առջեւ:

Նշենք, որ կիսամարաթոնի մեկնարկը տրվել է ժամը 09:00-ին Երեւանի Հանրապետության հրապարակում:

Կիսամարաթոնն անցկացվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միացյալ ուժերով:

Տպել
Ամենաշատ