News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգայնական կուսակցության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը պահանջում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին օրենքում, որի համաձայն՝ հայ լինելն ապացուցելու համար Հայ առաքելական եկեղեցու կողմից տրվող մկրտության վկայական են պահանջում: Գեւորգյանցն այս խնդրով արդեն դիմել է Հանրային խորհրդին, որը քննարկում է հարցը:

«Օրենքի 2-րդ գլխի 13-րդ հոդվածում, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, նշված է, թե ովքեր կարող են դառնալ ՀՀ քաղաքացիներ: Այս հոդվածի 3-րդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են ստանալ անձը, որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ: Իսկ ծագումն ապացուցելու տարբեր ձեւեր կան, դրանցից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցու կողմից տրվող վկայականն է: Ռուբեն Գեւորգյանցը պահանջում է հենց այդ պահանջը հանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Նա հայտնեց, որ խորհրդի դիրքորոշումը հետեւյալն է. քաղաքացիություն պետք է ստանան նրանք, ովքեր իրենց հայ են զգում: Իսկ թե ինչպես պետք է դա անել, Սադոյանի կարծիքով, դեռ պետք է քննարկել, ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել՝ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Նշենք, որ 1995թ.-ին ընդունված օրենքի համապատասխան հոդվածում 2007թ. փոփոխություններ են արվել, սակայն կրկին հստակ նշված չէ, թե ծագումով հայ լինելն ինչպես պետք է ապացուցել: Սադոյանի խոսքով՝ հենց այդ հստակեցումն էլ պետք է լինի օրենքում:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում քաղաքացիություն ստանալու համար էթնիկ պատկանելիության պահանջը հասցված է նվազագույնի, նույնը պետք է լինի ՀՀ-ում:

«Առավել եւս հայերը աշխարհով մեկ սփռված են եւ կան դեպքեր, որ այլ կրոնական պատկանելիության են: Իսկ եթե ՀՀ օրենքով ծագումով հայ լինելը նախապայման է, ապա դրա հաստատման հայեցակարգ պետք է մշակվի»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Տպել
Ամենաշատ