News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան եւ Շվեյցարիան: Այս մասին, օրերս Ժնեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ նշել է ՀՀ դեսպան, Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի` հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին` հիշատակելով, մասնավորապես, Ժնեւում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային:

Շառլ Ազնավուրն առաջարկել է բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության եւ բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության եւ մեր մոլորակի լավագույն ապագայի:

Երեկոյի ընթացքում հայ եւ շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Շվեյցարիայի օրհներգերը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ այլ հայ կոմպոզիտորների կատարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ