Ցանցահենները հարձակվել են բրոքերական Scottrade ընկերության վրա: Հոլդինգի ղեկավարության հրապարակած տեղեկության համաձայն, կիբերհանցագործները գողացել են կորպորացիայի 5 միլիոն հաճախորդի վերաբերող գաղտնի տվյալների մի մասը։
Ուշագրավ է, որ Scottrade ընկերությունում նույնիսկ չեն կասկածել, որ նման բան է տեղի ունեցել, մինչեւ որ տնօրենի հասցեով ՀԴԲ-ից հարցում է եկել ցանցահենների գրոհի մասին, փոխանցում է Informing-ը:
ՀԴԲ-ում անցյալ տարի արդեն բախվել են նմանատիպ գրոհի, սակայն հանցագործներին բացահայտել չեն կարողացել, որովհետեւ գրոհի պահից հետո բավական ժամանակ էր անցել: Դրանից հետեւում է, որ գողացված տեղեկությունները կիբերհանցագործներն օգտագործում են արդեն 2 տարի:
ՀԴԲ փորձագետները հայտարարում են, որ չարամիտները ձեռք են գցել Scottrade կորպորացիայի 4 միլիոն 600 հազար հաճախորդի էլեկտրոնային փոստի եւ սոցիալական քարտերի տվյալները: Ինչ վերաբերում է էլեկտրոնային հաշիվներին եւ համապատասխան գաղտնաբառներին, դրանք անվնաս են մնացել, որովհետեւ ցանցահեններին չի հաջողվել կոտրել դրանք: