News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմա 100 տոկոսով կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ  շարժման պահանջները հիմնավորված չէին: Այս մասին հոկտեմբերի 1-ին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Electric Yerevan շարժումը եւ որոնք էին այդ ցույցերի դրդապատճառները: Հարցուպատասխանի ձայնագրությունը Panorama.am-ի խնդրանքով տրամադրել է «Քարնեգի» հիմնադրամը։

«Իհարկե, հիմա արդեն 100 տոկոսով կարող եմ ասել, որ այդ մարդկանց պահանջները հիմնավորված չէին: Ինչո՞ւ եմ ասում՝ հիմա կարող եմ 100 տոկոսով ասել, որովհետև մենք արդեն ունենք «Դելոյթ և տուշ»-ի եզրակացությունը: Կարծում եմ, որ բոլորին հայտնի կազմակերպություն է, որը Հայաստանի կառավարությունից պատվեր է ստացել գնահատել անկախ Հանձնաժողովի քայլերը և տալ եզրակացություն՝ արդյոք անկախ Հանձնաժողովը ճիշտ է որոշել էլեկտրաէներգիայի սակագինը: Եվ Հանձնաժողովը պաշտոնապես եզրակացություն է տվել, որ այո՛, թանկացումը պարտադրված էր: Եթե Հանձնաժողովը չաներ այդ քայլը, մենք ամբողջական կոլապս կունենայինք էներգետիկ համակարգում»,- ասել է նախագահը:

Հարցին, թե արդյոք արդար էր քաղաքացիների բողոքը, Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկացած մարդ միշտ ցանկանում է էժան գնել, և եթե ինքն ապրանք ունի, թանկ վաճառել. «Դա բոլորի ցանկությունն է: Որևէ մեկը չի ուզում մի ցենտ անգամ ավելի վճարել ո՛չ գազի համար, ո՛չ հոսանքի համար: Բայց եթե չունենք ռեսուրս, եթե այդ ամբողջն օբյեկտիվ է, մեզնից յուրաքանչյուրը պետք է վճարի: Վերջերս, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ասել եմ, որ ես էլ կցանկանայի, որ մենք ձրի գազ ստանայինք, բայց մի կողմից ցանկանում ենք ստանալ ձրի գազ, մի կողմից ցանկանում ենք ստանալ զրո տոկոսով վարկային միջոցներ, մի կողմից ցանկանում ենք, որ մեր անվտանգությունը ապահովի կամ ՆԱՏՕ-ն, կամ ՀԱՊԿ-ը, հետո ուզում ենք անկախ լինել: Այդպես չի լինում: Մեզնից յուրաքանչյուրն անկախ լինելու համար պետք է վճարի՝ որոշ դեպքերում՝ իր գրպանից, որոշ դեպքերում՝ իր կյանքի գնով, որոշ դեպքերում՝ այլ կերպ: Սա է անկախ ապրելու ամբողջ տրամաբանությունը: Բայց պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում գործարքներ են կայացել, փոխվել է Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը և, ամենայն հավանականությամբ, կառավարության և սեփականատիրոջ միջոցներով հնարավոր կլինի մինչև հաջորդ տարվա հուլիս պահել այն սակագինը, որը վճարել են մեր սպառողները օգոստոսին, սեպտեմբերին: Այսինքն, որևէ փոփոխություն կամ գների թանկացում չի լինի»:

Հիշեցնենք, որ մինչեւ հարցուպատասխանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ