News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրաքի կոալիցիան պետք է հաղթանակի, հակառակ պարագայում ամբողջ տարածաշրջանը կոչնչանա: Իրանական ԻՐԻՆՆ հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Դամասկոսը չի վստահում Միացյալ Նահանգներին՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների քաղաքականությունը:

5 տարվա ընթացքում սիրիական հակամարտությունը 250 հազար մարդու կյանք է խլել, իսկ 6-7 մլն մարդ փախստական է դարձել:

Ասադը մեկնաբանել է նաեւ Արեւմուտքից հնչող հայտարարությունների փոփոխությունը, որն արդեն չի բացառում, որ Ասադը կարող է ներառվել անցումային կառավարությունում:

«Ես պարզ եւ հստակ հայտարարում եմ, որ որեւէ օտարերկրացի չի կարող պատասխանատվություն կրել Սիրիայի ապագայի, երկրի քաղաքական համակարգի ապագայի համար: Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի տեսակետ հայտնել այդ հարցերի շուրջ, այնպես որ՝ Արեւմուտքի բոլոր մեկնաբանություններն անօգուտ են մեզ համար»,- ընդգծել է Սիրիայի ղեկավարը:

«Սիրիացի ժողովուրդը շատ բարձր գին է վճարել, որպեսզի հիմա համաձայնի, որպեսզի Սիրիան կախյալ, օտար պետությունների քաղաքական կամքն իրագործող երկիր դառնա»,- նշել է նա՝ հավելելով, որ Արեւմուտքի դիրքորոշումն իսկապես սկսեց փոխվել, երբ այն բախվեց փախստականների հոսքի խնդրին:

Հարցին՝ ինչո՞ւ Արեւմուտքը չկարողացավ կանգնեցնել ահաբեկչությունը, Ասադը պատասխանել է. «Ինչպես եւ գողը չի կարող ոստիկանության համար օգնական դառնալ: Ահաբեկչությունը սատարող դաշինքի էությունն այնպիսին է, որ այն չի կարող նպաստել ահաբեկչությունն արմատախիլ անելուն: Արեւմտյան կոալիցիայի՝ մի քանի ամիս տեւած ռմբակոծությունից հետո մենք ոչ միայն արդյունքներ չենք գրանցել, այլ հակառակը, ահաբեկչության աշխարհագրությունը միայն ընդլայնվել է, իսկ ահաբեկիչների շարքերն անցնողների թիվը՝ աճել»:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արեւմուտքին «չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից»: «Սիրիացի փախստականների խնդիրը լուծելու համար հարկավոր է նախ կանգնեցնել ահաբեկչությունը եւ դադարեցնել ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը, որը ստացվում է նրանց հովանավորող այնպիսի պետություններից, ինչպիսիք են Թուրքիան, Հորդանանը, Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք զենք են մատակարարում ծայրահեղականներին եւ ֆինանսական օգնություն ցուցաբերում»,- հայտարարել է Ասադը:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը ե՛ւ Սիրիայի, ե՛ւ ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում:

«Մենք վստահում ենք Ռուսաստանին, որը երբեք մեզ ոչինչ չի պարտադրել: Ռուսների հետ մեր հարաբերությունները թափանցիկ են: Նրանք մեզ հետ կիսում են սիրիական իրավիճակի հետ կապված բոլոր մանրամասները»,- ընդգծել է Ասադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ