News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային կազմակերպությունները հրշեջ բրիգադ չեն, ու նրանք չեն կարող տեղեկատվական գործակալությունների լրատվական թողարկումների ռեժիմով արձագանքել մեկ  կամ երեք ժամում: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, ՀԱՊԿ գիտագործնական խորհրդի պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը՝ Երեւանում խաղաղապահ գործունեության թեմայով միջազգային համաժողովի շրջանակում:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ-ի ուշացած արձաքանքի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին՝ փորձագետը նկատել է, որ միջազգային կազմակերպությունները հարթակներ են, որտեղ հանդիպում են երկրները: «Ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող ավելի լավը կամ ավելի արագաշարժ լինել, քան դրանում ընդգրկված պետությունները: Որոշ միջազգային կազմակերպությունների քարտուղարություններն ավելի ակտիվ  են, մյուսներում՝ օրինակ ՇՀԿ-ում քարտուղարությունն ունի շատ դանդաղ, կասեի նույնիսկ հանգիստ դիրքորոշում ու այս տեսակետից պետք է հասկանալ, որ միջազգային կազմակերպությունները հրշեջ բրիգադներ չեն ու  չեն կարող տեղեկատվական գործակալությունների լրատվական թողարկումների ռեժիմով արձագանքել մեկ կամ երեք ժամում»,- նկատել է Ալեքսանդր Նիկիտինը:

Այս համատեքստում փորձագետը նշել է, որ որոշ դեպքերում արձագանքների զսպվածությունը նույնպես օգտակար է: «Օրինակ հիշեցնեմ, որ 2008 թ. ռուս վրացական պատերազմի ժամանակ՝ պատերազմական գործողությունների հինգ օրերին էլ ՆԱՏՕ-ն Բրյուսելում անընդհատ որոշում էր, թե ինչ դիրքորոշում է զբաղեցնելու ու անընդհատ ասում էր, որ «կսպասենք Վաշինգթոնի հայտարարությանը, իսկ հետո՝ երբ Վաշինգթոնի հայտարարությունը հնչեց, պատերազմն արդեն ավարտվել էր: Դրա համար էլ պետք է հասկանալ, որ հակամարտության դեպքում միջազգային կազմակերպությունների խնդիրը ոչ այնքան կողմերին օգնելն է, որքան իրավիճակը կայունացնելը, անհրաժեշտության դեպքում բանակցությունների համար հարթակ տրամադրելը, պետությունների ղեկավարների մակարդակ դուրս գալու համար հազվագյուտ հնարավորությունները օգտագործելը: Այս առումով ես, որպես վերլուծաբան, ճիշտ եմ համարում այն իրավիճակը, երբ միջազգային կազմակերպությունը նախ խորհրդակցում է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ –ի հետ, ու միայն դրանից հետո մշակում իր սեփական դիրքորոշումը՝ ենթատարածաշրջանային կազմակերպության շրջանակում: Չէ՞ որ ՀԱՊԿ-ը ոչ թե մայրցամաքային կամ տարածաշրջանային, այլ ընդամենը ենթատարածաշրջանային կազմակերպություն է:

Եվրասիական մայրցամաքում ունիվերսալ ներկայացվածություն ունեցող միակ կազմակերպությունը ԵԱՀԿ-ն է, դրա համար էլ գործիքների այն մեծ հավաքածուն, որը կա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի տրամադրության տակ, պետք է դիտարկվի որպես գործիքների մեկ միասնական հավաքածու, ու յուրաքանչյուր դեպքի համար միանգամից ամբողջ հավաքածուն պետք չէ գործի դնել»,- նշել է Ալեքսանդր Նիկիտինը:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում նկատվող սրացումների կապակցությամբ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է հոկտեմբերի 4-ին՝ անթույլատրելի անվանելով սահմաններին կատարվող իրադարձությունները ու Հայաստանի տարածքի գնդակոծություններն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ