News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պնդում է, որ հունվարի 15-ին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին դատախազության մոտից վարչական ձերբակալման են ենթարկել՝ պարզելու համար՝ ակցիայի վայրում ինքն է եղել, թե իր երկվորյակ եղբայրը: Այս մասին NEWS.am-ին ասաց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությանը,  Կիվիրյանի ձերբակալումը նման կերպ է պարզաբանել ոստիկանության ներկայացուցիչը:

«Իրավաբանության հետ կապ չունեցող, ծիծաղելի բաներ էր ասում: Մեկ ասում էր՝ տարել են, որովհետեւ խախտում է թույլ տվել, մեկ ասում էր՝ տարել են, որ արձանագրություն կազմեն, որովհետեւ տեղում կազմել չեն կարողանում: Բացի այդ պնդում էր, որ տարել են նաեւ, քանի որ անձը պետք է պարզեին: Չի հերքում, որ ոստիկանները Արգիշտի Կիվիրյանին դեմքով ճանաչում են, բայց, ասում է՝ օրինակ ես ունեմ երկվորյակ քույր, որն ինձնից չի տարբերվում, այդ պատճառով էլ տարել ենք՝ իմանանք՝ ինքն է, թե իր երկվորյակ եղբայրը»,- ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանությունը վարչական ձերբակալում իրականացրելու իրավունք չուներ: Փաստաբանն ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչը պնդել է նաեւ, թե Արգիշտի Կիվիրյանին իրենք ազատությունից չեն զրկել, ինչը, ըստ նրա, անտրամաբանական է. «Իրավաբանությանն անծանոթ մեկն էլ կարող է հասկանալ, որ անձին հնարավոր չի ձերբակալել առանց նրան ազատությունից զրկելու»:

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանին բերման էին ենթարկել այն բանից հետո, երբ նա փորձել էր բողոքի ակցիան անցկացնել դատախազության շենքի մայթին:

Ոստիկանության ներկայացուցիչն այսօր պնդել է նաեւ, որ Կիվիրյանը միայնակ կարող էր խոչընդոտել դատախազության շենքով ազատ ելումուտ անելուն:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին-ին մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել մոտ՝ պահանջելով  ՀՀ իրավապահներին հանձնել եւ ՀՀ օրենսդրությամբ դատել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Տպել
Ամենաշատ