News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տնտեսության բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգընթաց, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները աստիճանաբար կնվազեն՝ ձեւավորվելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շուրջ, ինչով էլ վերջինս կրկին կստանձնի շուկայում իր ուղղորդիչ դերը: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով 2014թ. դրամավարկային քաղաքականության մասին հաշվետվությունը։

Պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման եւ ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսեւորումներով, ինչպես նաեւ դրանց արդյունքում ձեւավորված գնաճային սպասումներով՝ 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6%:

Նշենք, որ այն գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4.0 + 1.5 տոկոսային կետ միջակայքում: Հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3%-ի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9.1% աճով՝ ընդհանուր գնաճին 4.8 տոկոսային կետով նպաստմամբ:

ԿԲ-ն ստեղծված իրավիճակին արձագանքեց կտրուկ գործողություններով. մասնավորապես՝ նոյեմբերի վերջից բարձրացվեց լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25-ից 21.0%-ի, այնուհետեւ դեկտեմբերի կեսից բարձրացվեց արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորման 12.0-ից 24.0%-ի:

ԿԲ կողմից ֆինանսական շուկայի պայմանների խստացմանը շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքներն արձագանքեցին կտրուկ աճով՝ ձեւավորվելով ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, ինչի արդյունքում ֆինանսական շուկայի ուղղորդիչ տոկոսադրույքի դերը ստանձնեց լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը: Նշված քայլերի արդյունքում դեկտեմբերի վերջին արժութային եւ ապրանքային շուկաներում դիտվեցին որոշակի կայունացման միտումներ, որին ԿԲ համապատասխան արձագանքը եղավ ինչպես արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի սահմանաչափի, այնպես էլ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի համապատասխանաբար 24.0-ից 20.0%-ի եւ 21.0-ից 20.0%-ի իջեցումը: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը ԿԲ-ն շարունակել է իջեցնել նաեւ 2015 թ. սկզբին՝ հասցնելով 14.5%-ի, ինչն անմիջականորեն ուղղորդել է շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները նվազման ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, հետագա գնաճային ճնշումները մեղմելու եւ գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նկատառումով, ԿԲ-ն դեկտեմբերի վերջին 1.75 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս գործընթացը շարունակել է նաեւ 2015 թ. սկզբին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 10.5%-ի, որն արտացոլում էր զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի եւ տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում:

Տնտեսության բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգընթաց, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները աստիճանաբար կնվազեն՝ ձեւավորվելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շուրջ, ինչով էլ վերջինս կրկին կստանձնի շուկայում իր ուղղորդիչ դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ