News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ տեւական ծանր հիվանդությունից մահացած լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)

Հոգեհանգստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, այլ քաղաքական գործիչներ, մարզիկներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, Զանազանյանի խաղընկերները, ընկերները եւ հարազատները:

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Զանազանյանն իր խաղի, աշխատասիրության եւ կամքի ուժի շնորհիվ մեծ լումա է ունեցել «Արարատ-73»-ի հաջողության գործում:

«Մեզանից հեռացավ ամենալավ ընկերը, որի հետ կապված էր մեր գործունեությունը դեռ 66 թվականից: Մենք Զանազանյանին ընտրեցինք թիմի ավագ իր աշխատասիրության, կազմակերպչական ջիղի համար: Նա ավագի բոլոր հատկություններն ուներ. եւ որպես ֆուտբոլիստ, եւ որպես պրոֆեսիոնալ օրինակ էր ծառայում բոլորիս: Նա լավ իմաստով վարակում էր մեզ, օգնում էր պայքարել, չվախենալ: Ափսոս, շուտ հեռացավ մեզանից»,- ասաց Նիկոլայ Ղազարյան:

Ֆուտբոլային մեկնաբան Սլավա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Զանազանյանը իսկական սպորտային անձնավորություն էր եւ մեծ հետք է թողել հայկական ֆուտբոլում:

«Չի կարելի մոռանալ Զանազանյանի անցած ուղին ֆուտբոլում: Ընդհանրապես, ֆուտբոլից դուրս էլ շատ հետաքրքիր անձավորություն էր, իսկ ֆուտբոլում լիդերի հատկանիշներ ունեցող անձնավորություն էր, որը կարող էր իր հետեւից տանել ամբողջ թիմը եւ ներարկել նրանց կամք, նվիրվածություն, աշխատասիրություն, համառություն: Չեմ մոռանա Նիկիտա Սիմոնյանի գնահատականը Զանազանյանի մասին. «Заназанян был заводилой»: Իսկապես դա այդպես էր, նա թիմին տանում էր իր հետեւից»,- նշեց Սլավա Սարգսյանը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ Հովհաննես Զանազանյանը իր հեղինակությամբ եւ աշխատանքով մեծապես աջակցել է հայկական ֆուտբոլին եւ դրա զարգացմանը:

«Արարատ-73»-ի կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը նշեց, որ Զանազանյանն իսկական լիդեր էր, ինչի շնորհիվ թիմը մեծ հաջողությունների հասավ: 

«Մեծ կամքի ուժ ուներ, որով ոգեւորում էր բոլորին: Ինքը որպես կիսապաշտպան մեծ աշխատասիրություն ուներ: Աջով, ձախով խփում էր, երկար պասեր էր տալիս, տարեկան 7-8 գոլ էինք խփում, այն ժամանակ մեծ բան էր, կարողանում էինք երկար ժամանակ գնդակ պահել, ոնց որ հիմա «Բարսելոնան» է անում: Ափսոս է, որ ինքը մեր կյանքից գնաց, ծանր է մեզ բոլորիս համար»,-ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Զանազանյանը հոկտեմբերի 4-ին 68 տարեկանում մահացել է տեւական ծանր հիվանդությունից հետո: «Արարատ-73»-ի ավագի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Տպել
Ամենաշատ