News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները, եթե մինչ օրս չկան համապատասխան պայմանագրերը, որոնցով պետք է սահմանվեն սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը թե՛ մատակարարի, թե՛ տնօրենների կողմից: Նման հարցադրմամբ է հանդես եկել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է.

«Ուսումնական տարվա առաջին օրերին դիմել եմ Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են եւ պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները:

Պատասխանից ակնհայտ է դառնում, որ դպրոցների բուֆետների վիճակի ու մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց ընթացքում առաջարկվել է դպրոցների տնօրեններին եւ մատակարարներին ձեռնարկել միջոցներ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետներում վերացնելու ուղղությամբ: Սակայն պատասխանում ամենակարեւոր տեղեկությունն այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելուց եւ քննարկելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցների տնօրենների եւ մատակարարների միջեւ կկնքվեն պայմանագրեր: 10 օրն արդեն անցել է, սակայն ոչ մի տեղեկություն պայմանագրերից: Իսկ բուֆետներում սննդի որակից ու տեսականուց բողոքներ՝ որքան ասեք ու ոչ մի արձագանք պատկան մարմինների կողմից: Ստացվում է, որ դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվո՞ւմ: Նման անտարբերությունը կարող է շատ տխուր հետեւանք ունենալ:

Շատ հրատապ հարց է ծագում, թե ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները, եթե մինչ օրս չկան այդ պայմանագրերը, որոնցով պետք է սահմանվեն սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը թե՛ մատակարարի, թե՛ տնօրենների կողմից: Հարցը պահանջում է հրատապ լուծում»:

Տպել
Ամենաշատ