Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել. սա շատ մարդկային եւ հասկանալի իրողություն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
«Այո, կարդացի հարգարժան երկրորդ նախագահի մեկհարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հետո նորից վերադարձա հարցազրույցին: Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը:
Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատեւ չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ եւ ոչինչ չփոխելու տեսլական:
Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար: Չի կարելի փոխել սահմանադրությունը, որովհետեւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»:
Հետաքրքիր է ինչ խաղի կանոնների պայմաններում եւ երբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպես պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,-ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով, ինքը շատ լավ հասկանում է նաեւ երկրորդ նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը: «Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային եւ հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել նաեւ, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, եւ եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին։