News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ից 8-ը Երեւանում անցկացվող «Հայֆեստ» միջազգային 13-րդ փառատոնի՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսրայելից ու Ռուսաստանից ժամանած մասնակիցները Հայաստանից միայն լավ տպավորություններով կհեռանան:

«Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ շատ հուզված եմ: Մարդիկ այստեղ շատ ջերմ են, հիանալի է, գնահատում եմ, որ հրավեր եմ ստացել «Հայֆեստին» մասնակցելու»,- այսօր՝ հոկտեմբերի 6-ին լրագրողներին ասաց ԱՄՆ-ից ժամանած  խորեոգրաֆ Ջոիս Քինգը, որի ղեկավարած ՋՔինգ պարային ընկերությունը փառատոնին բեմադրում է «Լիսն» ներկայացումը:

Իտալիայից ժամանած «Արարատ» համույթ նվագախումբը փառատոնին ներկայացնում է «Երեւանյան Շարանվագ» ստեղծագործությունը, որը հատուկ գրվել է այս փառատոնի համար: Այն իտալական եւ հայկական մշակույթի միախառնումն է:

Իսրայելից ժամանած «Գաբրիելա Նյուհաուս» թատրոնը համագործակցել է «ՄԻՀՐ» թատրոնի հետ եւ փառատոնին  հանդես է եկել «Լավաշ» ներկայացումով: Լրագրողների հետ զրույցում թատրոնի հիմնադիր, անկախ պարող, դերասան Գաբրիելա Նյուհաուսը նշեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ներկայացման հիմքում ընկած է հայկական ազգային հացի՝ լավաշի պատրաստման ձեւը:

«Հայֆեստի» հյուրերը փառատոնից միայն դրական տպավորություններ ունեն: Ռուսաստանից ժամանած ռեժիսոր Ալեքսեյ Բաղդասարովը, որի հայրը հայ է, լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում փառատոնը, դժվարացավ պատասխանել:

«Ես չեմ կարող օբյեկտիվ գնահատել, քանի որ սա իմ հայրենիքն է, թեեւ ես այստեղ չեմ ծնվել: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, ես քայլում եմ ու լալիս, քանի որ ինձ այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է»,- ասաց նա:

Նշենք, որ փառատոնի մասնակիցները, որ արդեն տասը օր է՝ Հայաստանում են, հասցրել են շրջել Երեւանում, եղել են Էջմիածնում, կայցելեն նաեւ Գառնի:

Նրանց խոսքով՝ Հայաստանից իրենց հետ կտանեն հայերի ընկերասիրությունը, ջերմությունը, ծանոթներին կպատմեն հայկական խոհանոցի ու ճարտարապետության մասին:

Նշենք, որ «Հայֆեստի» շրջանակում Հայաստան է ժամանել 250 մասնակից մոտ 25 երկրից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կանադա, Լեհաստան, Լիբանան, Իսրայել, Լիտվա, Հունգարիա, Չեխիա, Նորվեգիա, Հունաստան, Էստոնիա, Սերբիա, Ղազախստան, Բանգլադեշ, Ռուսաստան, Իրան, Վրաստան եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ