News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիետնամը շահագրգիռ է նոր խթան հաղորդելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին։ Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգուեն Թհան Շոնը (նստավայրը` Մոսկվա), որը այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, թե հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը եւ դեսպան Նգուեն Թհան Շոնը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների հեռանկարին վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարեւորելով բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսությունը, հաճախակի փոխայցելությունները, միջխորհրդարանական եւ միջկառավարական մակարդակներով փոխգործակցության զարգացումը:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. Վիետնամ կատարած իր պաշտոնական այցը եւ երկրի բարձր ղեկավարության հետ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ուղղված Հայաստանի եւ Վիետնամի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը:

Դեսպան Նգուեն Թհան Շոնը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար, նշելով, որ Հանոյում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս մեկ վկայություն է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում բարեկամ Հայաստանի պատրաստակամության մասին: Նա վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգիռ է նոր խթան հաղորդելու երկկողմ հարաբերություններին եւ որպես դեսպան, կանի ամեն հնարավորը՝ սերտացնելու Վիետնամի եւ Հայաստանի միջեւ կապերը: Նգուեն Թհան Շոնը նշել է, որ հաճույքով է հիշում Երեւանում իր ուսանողության տարիներն ու հյուրընկալ եւ աշխատասեր հայ ժողովրդի մասին դեռ այն ժամանակ ստացած հրաշալի տպավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ