Բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, վերջին շրջանում թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության օրակարգը հարուստ էր իրադարձություններով: «Երկարատեւ բովանդակային քննարկումներից հետո Ազգային ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության արժանացրեց ՀՀ Նախագահի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան եւ կոնսենսուսն այլեւս իրականություն են»,- նկատել է Շարմազանովը:
Նա նշել է, թե բնական է՝ կլինեին նաեւ դեմ արտահայտվողներ: «Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, ամեն ինչ կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են»:
ԱԺ փոխնախագահը նաեւ խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթից՝ այն գնահատելով որպես համահայկական առաջնորդի եւ խաղաղություն քարոզող տարածաշրջանային գործչի ելույթ։ «Դրանով պետության ղեկավարը վերահաստատեց.
Առաջին, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտմանն այլընտրանք չկա, եւ այդ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ:
Երկրորդ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարոտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում: Ադրբեջանը մերժում է համանախագահների եւ միջազգային հանրության կոչերը՝ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Երրորդ, հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր, ունենալով իրավական եւ ռազմաքաղաքական բոլոր հիմքերը, խաղաղություն կպարտադրի Ադրբեջանին:
Եվ վերջապես, ֆաշիզմի, նացիզմի եւ խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ: Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ»,- ասելէ ԱԺ փոխնախագահը: