News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օրերս արդարացի է համարել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դեմ քրեական գործ չհարուցելու ՀՔԾ որոշումը` որոշելով, որ «բռնաբարելու եւ գլխատելու» մտադրության մասին պատգամավորի խոսքերն իրական սպառնալիք չեն պարունակում։  NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը ՀՔԾ այս որոշումը բողոքարկել էր դատարանում:

Հիշեցնենք, որ 2015թ հունիսին Առաքել Մովսիսյանը սպառնացել էր «անձամբ գլխատել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին` նշելով, որ «բռնվելու դեպքում իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Իրավապաշտպանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստել, սակայն քրեական գործ չէր հարուցել՝ հիմնավորելով, որ պատգամավորի արած հայտարարությունների մեջ իրական սպառնալիք չկա:

Արթուր Սաքունցը առաջին ատյանի դատարանի որոշումը պատրաստվում է  բողոքարկել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում:

«Մենք դատարանում ներկայացրեցինք հիմնավորումներ, որ սպառնալիքների իրական լինելու վերաբերյալ կարող էր համոզվել քննիչը, եթե բացատրություն վերցներ պատգամավորից իր արած արտահայտությունների վերաբերյալ եւ դատահոգեբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ նշանակեր՝ պարզելու համար` Առաքել Մովսիսյանը գիտակցված է ասել, թե չէ, եւ կարող էին արդյոք այդ սպառնալիքներն իրականացվել: Մյուս կողմից մենք ներկայացրեցինք փաստեր, որ այդ սպառնալիքից հետո դադարեցին պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ մասին տեղեկությունների տարածումը, ինչը նշանակում է, որ սպառնալիքներն ավելի քան իրական են եղել»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որն էլ դիմումն ընդունել է վարույթ:

Տպել
Ամենաշատ