Իտալական Կալաբրիա շրջանից մաֆիայի անդամի 11-ամյա որդին ոստիկանությանն է «հանձնել» հորն ու ամբողջ նդրանգետա կլանը, որտեղ տղամարդն աշխատել է:
Մտացածին Նիկոլա անունով տղան դարձել է Իտալիայի ամենից երիտասարդ քաղաքացին, որը համագործակցում է դատախազության հետ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: Նիկոլայի մայրն ամուսնու հետ ձերբակալվել է դեռեւս անցյալ տարի: Կինը սկսել է համագործակցել իրավապահների հետ, եւ դատախազությունը նրան ու երեք երեխաներին ներառել է վկաների պաշտպանության ծրագրում:
11-ամյա Նիկոլան, որին ձերբակալված հայրը տարել է մաֆիայի ղեկավարների հանդիպումներին ու սովորեցրել թմրանյութերի փոխադրման եւ դրանց փաթեթավորման սխեմաները, արդեն արժեքավոր տեղեկություններ է փոխանցել, որը կարող է օգնել հետաքննությանն ու խաթարել Կալաբրիայում նդրանգետա մաֆիական կլանի հանգիստը:
Ղեկավարի որդին մաֆիայի կլանի բազմաթիվ անդամների անուններ է տվել, ինչպես նաեւ փոխանցել իր բջջային հեռախոսի քարտը, որը նախկինում հայրն է գործածել: Դա շատ կարեւոր ապացույց է, քանի որ դրանում մաֆիական կլանի հետ համագործակցող բազմաթիվ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հեռախոսահամարներ կան: