United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել օդաչուի ուշագնացության պատճառով։ Օդանավը Հյուսթոնից մեկնում էր Սան Ֆրանցիսկո։ Թռիչքի ժամանակ օդաչուն կորցրել է գիտակցությունը։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Օդաչուն կարողացել է ինքնուրույն իջնել օդանավից։ Թե ինչն է եղել նրա վատ ինքնազգացողության պատճառը, եւ քանի մարդ է եղել օդանավում, չի հաղորդվում, փոխանցում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին CNN-ը հայտնել էր, որ American Airlines ավիաընկերության օդաչուն մահացել է Ֆինիքս-Բոսթոն չվերթի ժամանակ։