News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:

Այս առնչությամբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Յուրաքանչյուրն նստաշրջանից առաջ մենք ռոտացիոն կարգով վերանայում ենք միջազգային պատվիրակություններում մեր պատգամավորների ներկայացվածությունը: Ես ինքս դուրս եմ եկել ֆրանկոֆոնիայի վեհաժողովից: Միքայել Մելքումյանը դուրս եկավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունից»:

Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը եւս հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից: «Մենք պետք է հնարավորություն տանք մեր պատվիրակության մյուս պատգամավորներին հանդես գալ միջազգային կազմակերպություններում: Կարծում եմ՝ սա նորմալ ընթացակարգ է»,-ընդգծել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ հերքելով տեղեկությունները, թե այսկերպ պատժում են երկու պատգամավորներին՝ հոկտեմբերի 5-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու համար:

Այդուհանդերձ, խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք ունեն ներկուսակցական խնդիր:

Անդրադառնալով Էլինար Վարդանյանի այն հայտարարությանը, թե որեւէ մեկն իրեն չի հրավիրել խմբակցության նիստին, որտեղ քվվարկվել է իր հարցը, Զոհրաբյանն արձագանքեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ զանգահարել է եւ Էլինար Վարդանյանին, եւ Ստեփան Մարգարյանին, բայց նրանք չեն պատասխանել: Բացի դրանից մեր հարգարժան  գործընկերները տեւական ժամանակ փետրվարից սկսած որեւէ առնչություն չեն ունեցել խմբակցության աշխատանքի հետ: Իսկ Էլինար Վարդանյանը, որ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, չի մասնակցել կուսակցության աշխատանքներին: Ըստ ԲՀԿ կանոնադրության՝ կուսակցության տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղխորհրդին՝ քննարկելու Էլինար Վարդանյանի կուսակցության շարքերում մնալու նպատակահարմարության հարցը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը բացակայում էին ԱԺ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցի քվեարկությանը: Նրանք հայտարարել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ