News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դա ճիշտ մշակույթ չէ, երբ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ այդ անձը տեղյակ չի լինում: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության որոշմանը, որով ինքը եւ Ստեփան Մարգարյանը հետ են կանչվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:

Էլինար Վարդանյանի տարածած հայտարարությունում ասվում է.

«Սիրելի լրագրողներ, հասկանալով, որ այսօրվա ԲՀԿ խմբակցության որոշման հրապարակումից հետո, ինձնից մեկնաբանություններ են ակնկալվում, ուզում եմ իմ արձագանքը ամփոփել մի քանի կետերով.

Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ եւ Ժառանգության իմ գործընկերների հետ:

Միջազգային պատվիրակություններում աշխատանքը ծանր եւ պատասխանատու գործ է, եւ եթե իմ գործընկերներից որեւէ մեկը կարողանա ավելի լավ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, բայց կրկնում եմ պետության շահերը, ես միայն ուրախ կլինեմ:

Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ:

Ուզում եմ նաեւ ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ. Ընտրական օրենգիրքը այլ լուծում պարզապես չի նախատեսում, եւ խմբակցության մոտեցումները եւ շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաեւ կուսակցության անդամ եմ, եւ չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որեւէ շարքային ԲՀԿ-ականի շահերը, կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից: Բացի այդ, ըստ ԲՀԿ կանոնադրության՝ կուսակցության տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղխորհրդին՝ քննարկելու Էլինար Վարդանյանի կուսակցության շարքերում մնալու նպատակահարմարության հարցը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը բացակայում էին ԱԺ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցի քվեարկությանը: Նրանք հայտարարել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ