Նոր ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ստիպված են լինելու զգալիորեն բարձրացնել: Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Դա անխուսափելի է, հաշվի առնելով նոր ԱԷԿ-ի կառուցման մեծ ծախսերը ու ներդրումներն արդարացնելու անհրաժեշտությունը, հավելել է նա:
«Գործող ԱԷԿ-ի հետ մենք նման խնդիր չունենք, քանի որ այն կառուցվել է խորհրդային ժամանակներում: Բայց նորի դեպքում նման խնդիր ծագելու է»,- հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ հիմա կառավարությունը հակվում է այն մտքին, որ նոր ԱԷԿ-ը պետք է ավելի քիչ հզորություն ունենա, քան առաջ էր ծրագրվում՝ 500-600 ՄՎտ 1000 –ի փոխարեն:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ծրագրում է նոր էլեկտրակայանը կառուցել մինչև 2027 թ, երբ կավարտվի գործող էլեկտրակայանի շահագործման ժամկետը:
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը այն սակավաթիվ էներգաստեղծ օբյեկտներից է, որոնց բացթողման սակագինը ոչ թե բարձրացել է, այլ նվազել: 2014 թ. օգոստոսի մեկից սկսած էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվել է 4.772 դրամ կՎՏ/ ժ համար, իսկ սահմանված հզորությամբ 1կՎտ համար ամսական վճարը 4156.48 դրամ (առանց ԱԱՀ-ի): 2015 թ. օգոստոսից սկսած՝ բացթողման սակագինը մի քիչ նվազել է՝ հասնելով 4.597 դրամի, իսկ հզորության համար ամսական վճարը՝ կՎտ համար 3608.78 դրամի: