News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. եւ 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի տնտեսության խոշոր ճյուղերի վրա: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում կցանկանայի տեսնել, թե ու՞ր ենք հասել Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներում եւ ինչպիսի՞ ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ են իրականացվում արոտավայրերի ջրարբիացման աշխատանքները:

Հատկապես Գյումրիի մասով կցանկանայի տեղեկանալ այն աշխատանքի մասին, որ կատարվում է ներդրողների հետ: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք շատ արագ ճշտել բոլոր այն չօգտագործվող շինությունների, տարածքների ցանկը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ արտադրական շինություններ: Այսինքն` գույքագրել այդ ամբողջը, որովհետեւ ֆինանսների, ծրագրերի առկայության պայմաններում անթույլատրելի է այդպիսի շինությունների երկար փնտրտուքը, ինչը, բնական է, ավելի գրավիչ չի դարձնում ներդրողների համար, եւ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարեն:

Ինձ նաեւ հետաքրքրում է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու: Նույնը վերաբերում է նաեւ կառուցված բնակարանների ճակատագրին: Ուզում եմ հասկանալ՝ այդ մեծաքանակ բնակարաններն ամբողջովին բնակեցվա՞ծ են, թե՞ ոչ, մարդիկ արդեն այդ գույքի սեփականատե՞ր են, թե՞ ոչ, որովհետեւ դրանից բխում է նաեւ հաջորդ հանգամանքը. դրա արդյունքում քաղաքից հանվե՞լ են, վերացվե՞լ են արդեն օգտագործման համար ոչ պիտանի տնակները, ինչը մի կողմից հնարավորություն կտա նոր շինարարության, մյուս կողմից էլ արտաքին տեսքի վրա մեծ ազդեցություն կունենա:

Կրթության, առողջապահության, սպորտի բնագավառներում բոլոր ծրագրերին, իհարկե, ես մանրամասն ծանոթ եմ, բայց այստեղ էլ երկու հանգամանք կցանկանայի շեշտել: Նախ՝ ինչպե՞ս է գործում հիվանդանոցը, եւ երկրորդ՝ ինչ նոր հնարավորություններ կարող ենք ստեղծել Շիրակի մարզիկների համար, որովհետեւ նրանց արդյունքները լավն են, փայլուն են, եւ մենք պարտավոր ենք բարելավելու նաեւ նրանց պայմանները:

Խնդրում եմ խոսեք նաեւ այն ծրագրերի, նախաձեռնությունների եւ խնդիրների մասին, որոնք այսօր ձեզ անհանգստացնում են»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաեւ ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Շիրակի մարզում իրականացված եւ դեռեւս ընթացքում գտնվող աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզպետի հետ համատեղ աջակցման գործուն միջոցներ ձեռնարկել մարզի գործարար միջավայրի զարգացման նպատակով «ԱրմՍվիսԲանկի» ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար՝ ակտիվորեն ներգրավվելով Բանկի ֆինանսական օժանդակության մեխանիզմով նախատեսված մարզային գործարար ծրագրերի մշակման ու Բանկին դրանց ներկայացման գործընթացում՝ համապատասխան ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման, արտահանման խրախուսման հստակ ու կանխատեսելի առաջնահերթություններից ելնելով: Միաժամանակ, քննարկել ֆինանսական օժանդակության այլ գործիքների կիրառման հնարավորությունը՝ վերոնշյալ եղանակով ընտրված գործարար ծրագրերի առաջմղման նպատակով:

Շիրակի մարզպետին հանձնարարվել է իրականացնել նշված գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական եւ այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է Գյումրիում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, «Թումո» կենտրոնի ընդլայնման եւ, միաժամանակ, պատմամշակութային հուշարձան հանդիսացող Գյումրիի նախկին ժողովրդական տան շենքի վերականգնման կարեւորությունից ելնելով՝ միջոցներ ձեռնարկել «Սիմոնյան» հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ նախատեսված Գյումրիի կրթամշակութային «Թումո» նոր կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու եւ դրանից բխող իրավապայմանագրային գործընթացները շուտափույթ իրականացնելու ուղղությամբ:

Շիրակի մարզպետին հանձնարարվել է՝ Գյումրիի քաղաքապետին առաջարկել բացառել Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում տեղակայված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նախկին ժողովրդական տան շենքի հարեւանությամբ գտնվող զբոսայգու տարածքներում կառուցապատման կամ ժամանակավոր շինությունների տեղադրման աշխատանքները՝ նշված տարածքների երկարաժամկետ պահպանության իրավական լուծումները համաձայնեցնելով «Սիմոնյան» հիմնադրամի հետ:

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլին հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծում տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել մինչեւ տարեվերջ Գյումրի քաղաքում բնակարանների գնման վկայագրերի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքներին համապատասխան վկայագրերի հատկացման եւ Ախուրյան համայնքում կիսակառույց շենքերի շինարարության վերսկսման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների եւ նրանց մարզադահլիճների, ինչպես նաեւ նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման, բարձր լեռնային համայնքների հնարավոր բաժանորդների պահանջարկի բավարարման նպատակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ հնարավոր բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկատնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն եւ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման եւ սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Շիրակի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ՀՀ Շիրակի մարզում հակակարկտային համակարգերի ներազդման գոտու ընդլայնման եւ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ